Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքական Habertürk TV հեռուստաալիքի եթերում սկանդալային հաղորդում են թողարկել՝ հեռուստադիտողներին սովորեցնելով գանձագողութեան «հմտութիւնները»:
Ըստ «Ակօս»-ի՝ հաղորդմանը հիւրընկալւել է Թուրքիայում դետեկտորների վաճառքով զբաղւող ընկերութիւններից մէկի հիմնադիր-ղեկավար Ուղուր Քըլաչը, ով հեռուստադիտողներին պատմել է՝ ինչպէ՞ս պէտք է ճիշտ եւ արդիւնաւէտ կերպով փնտրել երկրի տարածքում հայերից ու այլ ազգերից մնացած գանձերը:
Սկանդալային թողարկումն արժանացել է բազմաթիւ քննադատութիւնների: Թուրքիայի հնագէտների միութեան նախագահ Սոներ Աթեշօղուլլարը հաղորդման մասին պաշտօնական յայտարարութիւն է տարածել, որում, մասնաւորապէս, մեղադրել է հեռուստահաղորդման հեղինակներին ու հիւրին: Նա նշել է, որ, առհասարակ, Թուրքիայում պէտք է արգելել դետեկտորների վաճառքը:
Աթեշօղուլլարը հաստատել է, որ Թուրքիայում օրէցօր աճում է այդ ապարատների վաճառքը, ինչը վնասում է մշակութային ժառանգութեանը, որոնք համամարդկային արժէքներ են:
«Այն կոթողները, որոնք մեր երկրի կողմից պէտք է պաշտպանութեան տակ առնւեն, ամէն օր գանձագողութեան նպատակով ենթարկւում են թալանի ու աւերի: Պէտք է օրէնքով խոչընդոտել ցանկացած մարդու կողմից հեշտութեամբ դետեկտոր գնելու եւ անօրինական փորման աշխատանքներ իրականացնելու գործընթացներին»,- նշել է Աթեշօղուլլարը:
Ըստ նրա` այս երեւոյթը չկանխելու դէպքում անխուսափելի կը լինի Անատոլիայի տասնեակհազարաւոր տարիների պատմութիւն ունեցող մշակութային կոթողների իսպառ ոչնչացումը: Աթեշօղուլլարըն կոչ է արել իշխանութիւններին՝ հետեւել եւ օրէնքով խոչընդոտել սոցցանցերում գանձագողերի հիմնած խմբերի գործունէութեանը, նաեւ պահանջել է խստացնել գանձագողերի դէմ սահմանւած պատիժը:
Աղմկահարոյց թողարկումից յետոյ Քըլաչը ստիպւած է եղել բացատրութիւն տալ եւ յայտարարել, թէ իբր իրենք չեն խրախուսում մշակութային կոթողների աւերումը, սակայն արդարացրել է գանձագողութիւն իրականացնողներին՝ «հարիւրհազարաւոր մարդիկ ստիպւած են այդ կերպ հոգալ իրենց ֆինանսական կարիքները»: