Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Ռուսաստանեան «Քոմսոմոլսքաեայ փրաւտա»-ն անդրադարձել է 26 տարի առաջ Սումգայիթ քաղաքում հայերի դէմ կատարւած ցեղասպանութեանը:

Պարբերականն իր յօդւածում օգտագործել է պատմական գիտութիւնների թեկնածու Ռուբէն Զարգարեանի յիշողութիւնները: «Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում, 26 տարի առաջ` 1988 թւականի փետրւարի 27-29-ին իրականացւեց ցեղասպանական ակտ քաղաքի հայկական բնակչութեան նկատմամբ: Ադրբեջանական իշխանութիւնների նպատակադրւած եւ ծրագրւած աջակցութեամբ եւ ԽՍՀՄ ղեկավարութեան թոյլտւութեամբ, կատարւեցին հայերի զանգւածային ջարդեր, սպանութիւններ, մարդկութեան դէմ յանցագործութիւններ, որոնք իրենց վայրենութեամբ ու դաժանութեամբ ցնցեցին միջազգային հանրութեանը»,- գրել է «Քոմսոմոլսքաեայ փրաւտա»-ն:

Լրատւամիջոցը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից հարիւրաւոր քիլոմեթր հեռաւորութեան վրայ գտնւող Սումգայիթի կոտորածն արձագանգ էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական կամարտայայտման` միանալու Հայաստանին, որի անբաժան մասն է եղել  հազարաւոր տարիների ընթացքում` մինչեւ խորհրդայնացումը: Ռուսական աղբիւրը նշել է, որ բազմազգ Սումգայիթում հայերի սպանութիւնների նպատակն էր արգելափակել խնդրի լուծումը ԽՍՀՄ կենտրոնում, եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին վախեցնել արիւնալի նոր հաշւեյարդարների հեռանկարով` ստիպելով նրանց հրաժարւելու ազատութեան եւ արժանապատիւ կեանքի բնական իրաւունքներից:

«Քոմսոմոլսքաեայ փրաւտա»-ն մանրամասնօրէն անդրադարձել է Սումգայիթում տեղի ունեցած իրադարձութիւնների զարգացման եւ Արցախի դէմ Ադրբեջանի յարձակողական կեցւածքին: