Աղբիւր՝ www.yerakouyn.com
Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը գրում է.
Տասը տարի առաջ ՕԹԱՆ-ի ռազմափորձերին մասնակցելու առիթով Բուդապեշթ ժամանած հայ սպայ Գուրգէն Մարգարեանը քնած պահին կացինահար լինելով սպանւեց ադրբեջանցի Սաֆարովի կողմից: Այնուհետեւ դիպաշարը ծանօթ է բոլորին: Ձերբակալութիւն, դատավարութիւն, ահաւոր ճնշում Բաքւի կողմից Հունգարիայի դատա-իրաւական հաստատութիւնների վրայ, վճիռ, ցկեանս բանտարկութիւն: Երկու տարի առաջ ադրբեջանա-հունգարական գործարքների եւ լուռ համաձայնութիւնների իբրեւ արդիւնք մարդասպանը յայտնւեց ազատութեան մէջ եւ արժանանցաւ Բաքւի կողմից հերոսի կոչումին:
Ադրբեջանական կողմի մէջ արձանագրւած վերաբերումները, արարքները, ճնշումները, գործարքներն ու ատելութեան դրսեւորումների գագաթ նւաճած օրինակները պարզ են եւ գուցէ նաեւ ակնկալելի Բաքւի իշխանութիւններից:
Խնդրի դիտարկումը փորձենք հայկական եւ ադրբեջանական դաշտերից տեղափոխել միջազգային հարթութիւն` նկատելու համար մի քանի կէտեր:
Սաֆարովի անասնային յարձակումը գործւել էր ՕԹԱՆ-ի ռազմափորձի շրջանակներում: Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը, յաչս ՕԹԱՆ-ին պարզ տրամաբանութեամբ, յստակ պատասխանատւութիւն է ստանձնում, որ նման զինւորական պաշտօնատար ուղարկել է միջազգային մակարդակի վրայ իրականացւող վարժողական ծրագրին: Եթէ տակաւին չենք ուզում խօսել սաֆարովների գազանային դրսեւորումների պատճառ հանդիսացած հայատեաց քաղաքականութեան մասին եւ մի պահ ուզում ենք կենտրոնանալ ադրբեջանցի սպայի հոգեկան անհաւասարակշռւածութեան վրայ: Նոյնիսկ այս պարագային Բաքւի համապատասխան բաժանմունքները պատասխանատու են նկատւում նման փորձարկումների ինքնատիրապետումից հեռու սպայ ուղարկած լինելով: ՕԹԱՆ-ը այս առումով չունեցաւ համարժէք արձագանգ:
Հունգարական դատա-իրաւական հաստատութիւններն առաջին փուլում արտառոց որեւէ որոշում չտւեցն: Պարզ էր. կատարւածը մարդասպանութիւն էր, այն էլ ամենից քստմնելի եւ դատապարտելի բնոյթով, որի համար էլ դատական ընթացակարգից յետոյ կար վճիռ: Առաւելագոյն պատժաչափ: Խնդիրը հետագային էր: Լուռ, լուսարձակներից հեռու, կարելի է բնորոշել նոյնիսկ թաքուն բանակցութիւններ Բաքւի եւ Բուդապեշթի միջեւ յանգեցին գործարքի: Բուդապեշթն արտայանձնեց մարդասպանին, մարդասպանութիւնը քաջալերած պետութեան: Բուդապեշթը կարող էր յենւել անշուշտ միջ-պետական յարաբերութիւններով սահմանւած արտայանձնումի օրէնքի վրայ` նման գործողութիւն կատարելու համար: Արտայանձնումի դիմումը գաղտնի պահելու, բանակցութիւնները թաքուն ձեւով կատարելու եւ արտայանձնումը յանկարծակի բացայայտելու հունգարական կողմի պահւածքը շեշտում է գործարքային ուղղութիւնը այս բոլորի մէջ: Հունգարական քաղաքական դաշտը նոյնիսկ չէր իմացել այս մութ համաձայնութեան ծալքերի մասին: Հայկական կողմին մնում էր առկախել դիւանագիտական կապերը Բուդապեշթի հետ:
Շարունակենք Բուդապեշթի լուռ մեղսակցութեան փաստի համոզման տրամաբանութիւնը: Հունգարական իշխանութիւններն անպայման համոզւած էին, որ իրենց արձակած դատավճիռը` ցկեանս բանտարկութիւնը վերջ էր գտնելու արտայանձնումի թոյլտւութեան օրը: Որեւէ երաշխիք չկար հակառակը փաստելու: Արտայանձնումի օրէնքը բնականաբար միջպետական յարաբերութիւններ յարգող կողմերին է վերաբերում. նրա իմաստն այն է, որ դատավճիռի գործադրութեան աշխարհագրական միջավայրն է, որ փոխւում է եւ ոչ թէ դատավճիռը: Ադրբեջանի նման երկրներն են, որոնք ոչ միայն խախտում են եւ ոտնակոխում օրէնքը, այլեւ միջազգային օրէնքի շահագործումով մարդասպանին վերածում են հերոսի: Բուդապեշթը բոլոր տւեալներն ունէր բողոքագրեր ուղարկելու Բաքւին, իր կայացրած որոշման կայծակնային բեկանումի մասին բացատրութիւն պահանջելու, անգամ դիւանագիտական կապերը առկախելու Բաքւի հետ, եթէ նախապէս կայացած չլինէր գործարքը:
ՕԹԱՆ-ի իրաւական բաժանմունքներից անկախ լուռ մնաց նաեւ միջազգային ընտանիքը. ի վերջոյ միջազգային յարաբերութիւնների ընդհանուր շրջագծում կայացած օրէնքի կոպիտ խախտում էր կատարւածը:
Այստեղ է բուն խնդիրը: Արտայանձնումի օրէնքի շահարկումով մարդասպանը վերածւում է հերոսի: Ադրբեջանին հարազատ է այս վարքագիծը: Բայց երբ Բաքուն գտնում է իր հետ գործարքի գնացող Բուդապեշթի նման կողմեր, երբ ՕԹԱՆ-ը չի առկախում Ադրբեջանի մասնակցութիւնն իր կազմակերպած ռազմափորձերին եւ երբ միջազգային ընտանիքը հաշիւ չի պահանջում արձանագրւած կոպիտ խախտման համար, Բաքուն վերստին փորձում է սրել իր կացինը:
Հայկական կողմը այս բոլորի նկատառման հարկադրանքի առջեւ է: