Աղբիւր՝ http://www.yerkir.am
Տեղեկացրել ենք, որ թուրք իրաւապաշտպան Օզլեմ Դալքըրանը բանտում չի կարողացել ստանալ Ստամբուլի հայկական «Ակօս» թերթը` պատճառաբանութեամբ, թէ այն ունի նաեւ հայերէն էջեր:
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցութեան հայ պատգամաւոր Սելինա Դողանը խորհրդարանում բարձրացրել է այդ հարցը:
Ըստ «Ակօս»-ի` պատգամաւորը պաշտօնական հարցում է յղել Թուրքիայի արդարադատութեան նախարար Աբդուլհամիդ Գիւլին: Նա խնդրել է բացատրել, թէ ի՞նչ պատճառաբանութեամբ եւ ի՞նչ օրէնքով է կալանաւորւած իրաւապաշտպանը զրկւում հայկական թերթ ստանալու իրաւունքից:
«Պատճառաբանութիւնն ինչ ուզում է լինի, Օզլեմ Դալքըրանին «Ակօս» թերթից զրկելը որեւէ արդարացում չի կարող ունենալ: Նամանաւանդ` շատ լուրջ հետեւանքներ կարող է ունենալ դա, եթէ այդ պատճառաբանութիւնը պարբերականի` հայերէն էջեր ունենալն է: Միջազգային համաձայնագրերով յատուկ պաշտպանութեան տակ առնւած լեզուն սահմանափակել փորձելու այս միտումը որքան կամայական է, այնքան էլ անօրինական, տգէտ եւ անընդունելի»,- ասել է Դողանը: