Աղբիւր՝ www.yerkir.am
Կեանքից հեռացել է ականաւոր գրող, հրապարակախօս, թարգմանիչ Պերճ Զէյթունցեանը: Նա վերջերս էր բոլորել 79-րդ տարին /յուլիսի 18-ին/:
***
Ծնւել է Ալեքսանդրիայում, Եգիպտոս, 1938 թ.։ 1948 թւականին հայրենադարձել է։ Աւարտել է Երեւանի Ղազարոս Աղայեանի անւան միջնակարգ դպրոցը: 1963 թւականին աւարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը։ 1963-1964 թւականներին սովորել է Մոսկւայի բարձրագոյն սցենարական դասընթացներում։ 1965-1968 թւականներին եղել է «Հայֆիլմ» կինօստուդիայի խմբագիրը, 1965-1975 թւականներին` հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի գլխաւոր խմբագիրը, 1975-1986 թւականներին՝ Հայաստանի գրողների միութեան քարտուղարը։ 1991-1992 թւականներին եղել է ՀՀ մշակոյթի առաջին նախարարը:
Առաջին գիրքը տպագրւել է 1956 թւականին։ Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրւել են Երեւանի թատրոններում։ Գրքերը թարգմանւել են 11 լեզուներով, այդ թւում՝ ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն, արաբերէն:
Զէյթունցեանը պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, մշակոյթի վաստակաւոր գործիչ, Հռոմի արւեստների և հասարակական գիտութիւնների «Տիբերինա» ակադեմիայի պատւաւոր անդամ:
2007 թւականին Պերճ Զէյթունցեանին յանձնւել է Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատւոյ բարձր շքանշան։ Դրանից մի քանի տարի առաջ էլ արժանացել է «Հայ արւեստի ասպետ», ինչպէս նաեւ «Երևանի պատւաւոր քաղաքացի» կոչումներին։ 2013 թ. ՀՀ Վարչապետի որոշմամբ պարգևատրւել է ՀՀ վարչապետի յուշամեդալով։ 2016 թւականին ՀՀ Անկախութեան 25-ամեակի առթիվ, հայ գրականութեան եւ մշակոյթի զարգացման գործում ներդրած մեծ աւանդի համար պարգեւատրւել է Պատւոյ շքանշանով:
Նրա գործերից են «Մեր թաղի ձայները», «Մեզնից յետոյ», «Փարիզի համար», «Ամենատխուր մարդը», «Վերջին արեւագալը», «Ոտքի, դատարանն է գալիս», «Յիսուս Նազովրեցին եւ իր երկրորդ աշակերտը: Խոր Վիրապ»…
Նրա կատարած թարգմանութիւններից են Էրսքին Քոլդուելի «Տաք գետը», Գրեհեմ Գրենի «Խաղաղ ամերիկացին», Էռնեստ Հեմինգւէյի «Կիլիմանջարոյի ձիւները» եւ «Հրաժեշտ զէնքին» ստեղծագործութիւնները: