Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Իրանցի յայտնի մաթեմատիկոս, մաթեմատիկայի ասպարէզում ամենահեղինակաւոր Ֆիլդսեան մրցանակի դափնեկիր Մարիամ Միրզախանին 40 տարեկանում մահացել է: Պատճառը կրծքագեղձի քաղցկեղն է: Այս մասին յայտնում է իրանական Tehran Times-ը:
Միացեալ Նահանգներում բնակւող իրանցի գիտնականը, ով դասաւանդում էր Ստենֆորդի համալսարանում, չորս տարի է` պայքարում էր քաղցկեղի դէմ: Վերջերս նրան արդէն տեղափոխել էին հիւանդանոց:
Միրզախանին ծնւել էր 1977 թւականի մայիսի 3-ին: 1999 թւականին նա Իրանի «Շարիֆ» տեխնոլոգիական համալսարանում ստացել է բակալաւրի, իսկ 2004 թւականին` Հարւարդի համալսարանում մաթեմատիկայի գծով դոկտորի աստիճան: 2014 թւականին նա դարձաւ առաջին կինն ու առհասարակ առաջին իրանցին, ով արժանացաւ Ֆիլդսեան մրցանակի` այն էլ 40 տարին չբոլորած: Նա այս պատւաւոր մրցանակը ստացաւ «Ռիմանեան մակերեւոյթների եւ նրանց մոդուլային տարածութիւնների դինամիկայում եւ երկրաչափութիւնում ունեցած ակնառու աւանդի համար»: