Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» (AKP-ԱԶԿ) եւ «Գորշ գայլերի» քաղաքական թեւը համարւող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցութիւնները մշակել են 18 կէտից բաղկացած մեջլիսի նոր ներքին կանոնադրութեան նախագիծ: Նպատակն այն է, որ խորհրդարանի կանոնադրութիւնը համապատասխանեցւի սահմանադրական փոփոխութիւնների հետ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Posta» թերթի` երկու կուսակցութիւնների ներկայացրած առաջարկի մէջ նշւում է, որ պատգամաւորները խորհրդարանում «թուրք ազգի պատմութիւնն ու համատեղ անցեալը վիրաւորող կամ մեղադրական պնդումներ» անելու դէպքում կը համարւեն կարգազանց եւ կը պատժւեն ժամանակաւոր հեռացումով եւ աշխատավարձի 2/3-ի չափի պահումով:
Ներկայացւած առաջարկի տեքստում տրւում է նաեւ ազգ եզրոյթի սահմանումը. «Ազգը պատմական գործընթացներում ձեւաւորւած ընդհանուր արժէքների, ճակատագրի եւ ապագայի շուրջ համախմբւած վերկրօնական եւ վերէթնիկ հանրոյթն է»:
Ըստ այդ նախագծի` կը պատժւեն նաեւ այն պատգամաւորները, որոնք Թուրքիայի Հանրապետութեան սահմանադրութեամբ եւ օրէնքներով սահմանւած վարչական բաժանումները եւ բնակավայրերը կանւանեն սահմանադրութեանը եւ օրէնքներին հակասող անուններով: Այս կէտը նախագծի մէջ ընդգրկւել է ԱՇԿ-ի պահանջով եւ թիրախաւորում է «Հայոց ցեղասպանութիւն» ու «Քուրդիստան» բառերը կիրառող պատգամաւորներին:
Նոր կանոնադրութիւնը նախատեսում է նաեւ փոփոխել մեջլիսի նախագահի պարտադիր ֆրակ կրելու կէտը: Մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանի ցանկութեամբ աւելացւած կէտով նախագահը եւ փոխնախագահները կարող են ֆրակի փոխարէն մուգ գոյնի հագուստ կրել:
Մէկ այլ կէտ էլ վերաբերում է պատգամաւորների երդման արարողութեանը: Ըստ այդ կէտի` երդում չտւածները պատգամաւոր չեն համարւի` չեն օգտւի պատգամաւորին յատուկ իրաւունքներից, աշխատավարձ չեն ստանայ, նրանց խորհրդարանում գրասենեակ եւ օգնական չի տրամադրւի: