Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Միացյալ Նահանգների նախագահը չի հրաժարվում միգրացիոն իր խիստ քաղաքականությունից: Դոնալդ Թրամփը նոր հրամանագիր է ստորագրել՝ 90 օրով արգելելով մահմեդական 6 երկրների՝ Իրանի, Սիրիայի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի եւ Եմենի քաղաքացիների մուտքը Նահանգներ:

Ի տարբերություն նախորդ հրամանագրի` այժմ երկրների «սեւ ցուցակում» բացակայում է Իրաքը, քանի որ պաշտոնական Բաղդադը համաձայնել է մուտքի արտոնագրի տրամադրման հավելյալ ստուգումներ անցկացնել, ինչպես նաեւ համագործակցում է Վաշինգտոնի հետ ահաբեկչության դեմ պայքարում:

Սեւ ցուցակում հայտնված երկրների՝ գրին քարտ ունեցող քաղաքացիները, այս հրամանի ազդեցության տակ չեն հայտնվի: Արդեն տրամադրված վիզաներն էլ կամ ԱՄՆ-ում ժամանակավոր կացության թույլտվությունը չեն չեղարկվի: Թրամփի ստորագրած նոր համաձայնագրով, ԱՄՆ-ում փախստականների ընդունման ծրագիրն էլ կդադարեցվի 120 օրով: Իսկ սիրիացի փախստականների ընդունման անորոշ ժամկետով արգելքի մասին՝ հրամանի նոր տարբերակում չի հիշատակվում:

Նոր հրամանը նաեւ առավելություն չի տալիս կրոնական փոքրամասնություններին, ինչպես նախկին փաստաթղթում: Նախորդ հրամանի քննադատները նշել էին, որ այն անօրինական է, քանի որ առավելություն է տալիս քրիստոնյա փախստականներին: Նոր հրամանագիրն ուժի մեջ կմտնի մարտի 16-ին:

Միգրացիոն քաղաքականության խստացման մասին Թրամփի նախորդ հրամանը երկրում զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել: Դաշնային դատարանը որոշում էր ընդունել արգելափակել այն: Նախագահ Թրամփի այս նոր հրամանն էլ արդեն քննադատվում է Նահանգներում: