Աղբիւր՝ www.alikonline.ir
«ԱԼԻՔ» - Թրամփի երեւոյթը առաւելապէս քարոզչական նախագիծ է յիշեցնում: Նրա նախագահութիւնը չի կարող ազդել Միացեալ Նահանգների գլոբալ քաղաքականութեան վրայ: Այս մասին, ԻՍՆԱ-ի հետ զրոյցում ասել է Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը:
«Թրամփի նախագահութեան հետ կապւած Իսլ. խորհրդարանի պատգամաւորների դիրքորոշումը նոյնն է՝ ինչ երկրի բարձրաստիճան ղեկավարութեան դիրքորոշումը: Այն, ինչը որ պաշտօնապէս յայտարարել են Իսլ. յեղափոխութեան առաջնորդն ու արտգործնախարարութիւնը, նոյնը նաեւ հաստատում են պատգամաւորները»,- ասել է Ժորժիկ Աբրահամեանը՝ յաւելելով, որ յեղափոխութեան առաջնորդը ժամանակին ասել է, թէ մեզ համար չի տարբերում, թէ ով է ԱՄՆ-ում ստանձնելու նախագահի պաշտօնը: Եթէ նա ցանկանայ շարունակել նախկին քաղաքականութիւնը, դա ԱՄՆ-ի օգտին չի լինի:
Ժորժիկ Աբրահմեանը նշել է, թէ իր կարծիքով՝ Թրամփի երեւոյթն աւելի շատ յիշեցնում է քարոզչական նախագիծ. «ԱՄՆ-ի քաղաքական համակարգը նման է մեծ գնացքի, որն առաջ է շարժւում: Այս գնացքը կարող է արագացնել կամ դանդաղեցնել իր ընթացքը, բայց երբեք չի կարող դէպի աջ կամ ձախ թեքւել: Այնպէս որ՝ այս իրադարձութիւնները չեն կարող ազդել ԱՄՆ-ի գլոբալ քաղաքականութեան վրայ»,- յայտնել է նա՝ ընդգծելով, որ Թրամփի անձի շուրջ զարգացումներն աւելի շատ նման են քարոզչական շոուի: ԱՄՆ-ի քաղաքական գլոբալ կուրսը չի ճշտում միայն նախագահը:
«Կան յատուկ ինստիտուտներ, որոնք որոշիչ են: Այդ ինստիտուտները նախագահի փոփոխութեամբ, փոփոխութեան չեն ենթարկւում»,- ասել է պատգամաւորը:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի քաղաքականութեան կապակցութեամբ, դեռեւս չկան յստակ ազդանշաններ, որոնց հիման վրայ հնարաւոր կը լինի կարծիք ձեւաւորել: Առ այդ, անհրաժեշտ է սպասել իրադարձութիւնների զարգացման հետագայ ընթացքին: