Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամաւոր Գարօ Փայլանը, ում դէմ պատիժ է սահմանւել մեջլիսում Հայոց ցեղասպանութեան մասին խօսելու համար, պատրաստւում է խնդիրը տեղափոխել իրաւական դաշտ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրոյցում Փայլանը նշեց, որ այս պահին պատրաստւում է Սահմանադրական դատարան ներկայացւելիք դիմումը:
Ներկայացնելով մեջլիսում կատարւածը` Փայլանը պատմեց. «Ես բազմիցս ասել եմ Հայոց ցեղասպանութեան մասին, օրակարգ եմ բերել ցեղասպանութեան եւ առերեսման հարցը` այդ թւում եւ մեջլիսի ամբիոնից: Սահմանադրական փոփոխութիւնների հարցով իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը կոալիցիայի մէջ է մտել ազգայնականների հետ: Նրանք այժմ գաղափարախօսական առումով հակւած են ազգայնականութեանը: Երէկ երեկոյեան ես ասացի, որ պէտք է առերեսւել ցեղասպանութեանը, որպէսզի մեր օրերում նոյն սխալը չկրկնենք»:
Հայ պատգամաւորը յայտնեց, որ «Ազգայնական շարժում» կուսակցութեան ճնշման տակ իշխող կուսակցութիւնը յայտարարեց իրեն մեջլիսի 3 նիստերից հեռացնելու պատիժ սահմանելու մասին: «ԱԶԿ-ն նման պատիժ սահմանեց` չնայած, որ դա գոյութիւն չունի մեջլիսի կանոնակարգում: Պատժւեցի անօրինական ձեւով»,- նշեց Փայլանը:
Նա փաստեց, որ երկրում տիրող ազգայնական մթնոլորտում աւելի են սահմանափակւել ազատութիւնները, եւ եթէ մինչեւ վերջերս Հայոց ցեղասպանութիւն ասելը տաբու չէր, ապա այժմ իրավիճակը փոխւել է: «Նոր իրողութեան պայմաններում «ցեղասպանութիւն» եզրոյթն արտաբերելը կրկին ընկալւում է որպէս յանցանք: Եթէ նորից ասեմ այդ բառը, գուցէ նոյն պատիժը տան, սակայն ես չեմ դադարելու ասել այն, ինչին հաւատում եմ: Դիմել եմ իրաւական միջոցների: Այս պահին նախապատրաստւում է Սահմանադրական դատարան ներկայացւելիք դիմումս: Պատրաստւում եմ դիմել նաեւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարան: Կարծում եմ կը յաջողեմ»,- ասաց Փայլանը:
Սպառնալիքներ ստանալու վերաբերեալ հարցին ի պատասխան` պատգամաւորը նշեց, որ բնականաբար դրանք կան, իսկ վերջին շրջանում անգամ աւելացել են, սակայն իր կողքին կայ սատարողների մեծ բանակ: «Բացասական արձագանքներ, բնականաբար, կան, քանի որ ազգայնական մթնոլորտում ենք ապրում: Սակայն աջակիցներ եւս ունեմ, եւ ես շարունակում եմ իմ պայքարը»,- ասաց նա: