Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ստամբուլի Մխիթարեան վարժարանի պատին յայտնւած ռասիստական գրութեան առնչութեամբ յայտարարութիւն են տարածել «Նոր զարթօնք» նախաձեռնութեան հեղինակները, ովքեր նշել են, որ չեն վախենում ազգայնականների սպառնալիքներից: Այս մասին նրանք գրութիւն են արել ֆէյսբուքեան էջում:
«Բոմոնտի Մխիթարեան դպրոցի պատին երէկ առաւօտեան մի գրութիւն տեսանք: Ցաւօք, ականատեսն ենք լինում այն բանին, թէ ինչպէս է ամէն անցնող օրւայ հետ աւելանում հայերի դէմ ուղղւած ատելութեան խօսքը: Սակայն մենք չենք վախենում, չենք գնում, այստեղ ենք: Եղել ենք, կանք ու կը լինենք», - յայտարարել են նախաձեռնութեան անդամները:
Ստամբուլի Բոմոնտի շրջանում գտնւող Մխիթարեան վարժարանի պատին թուրք ազգայնականները ռասիստական գրութիւն էին թողել: Ինչպէս տեղեկացնում է Ստամբուլի «Ակօս» պարբերականը, ազգայնականները դպրոցի պատին գրել են. «Մի գիշեր յանկարծակի կը յայտնւենք Ղարաբաղում»:
Սա Մխիթարեան վարժարանի պատին արւած առաջին ռասիստական գրութիւնը չէ: Օգոստոսին նմանօրինակ գրութիւն էր արւել Ուսքուդարի (Սկիւթար) Սուրբ Խաչ դպրեվանքի, իսկ սեպտեմբերին Քալֆայեան հայկական դպրոցի պատերին: Մինչ օրս յայտնի չէ, թէ ովքեր են գրութիւնների հեղինակները:
Դպրոցների պատերին ռասիստական գրութիւնների հարցը մէջլիս էր տեղափոխել քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցութեան պատգամաւոր Սեզգին Թանրըքուլուն: Հարցումը, որին պէտք է պատասխանէր վարչապետ Բինալի Յըլդըրըմը, մնացել է անպատասխան: