Աղբիւր՝ www.yerkir.am
«ՀԱՅ ԲԻՃԵՐԸ ՄԵԶ ՉԵՆ ՎՀԱՏԵՑՆԻ». ՀԵՐԹԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ` ԷՐԴՈՂԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցութեամբ հերթական սկանդալն է տեղի ունեցել Տրապիզոնում (թուրքերէն` Տրաբզոն):
Ըստ Haber.sol.org-ի` Էրդողանն իր ելոյթում պարծեցել է, թէ թուրք ազգը մինչ օրս գոյութիւն ունի:
«Յիշէք, թէ ինչ էի ասում ձեզ: Մի օր պիտի մեռնենք, չէ՞: Պիտի մեռնենք, բայց ասեմ` կայ մարդավայել մեռնել… Մի բան կասէի, բայց դա չեմ ասի: Մէկ էլ կնոջ պէս մեռնել...»,- յայտարարել է նա, ինչին զուգահեռ` հաւաքւած ամբոխն սկսել է հակահայկական վանկարկումներ անել:
«Հայ բիճերը մեզ չեն վհատեցնի» վանկարկող ամբոխին լռեցնելու կամ դիտողութիւն անելու փոխարէն` Էրդողանը շարունակել է ելոյթը: Համացանցում տարածւած տեսանիւթում երեւացել է նաեւ Էրդողանի եւ նրա կողքին կանգնածների լայն ժպիտը` հայատեաց վանկարկումների ընթացքում:
Աղբիւր՝ www.yerkir.am
ԿԱՐՕ ՓԱՅԼԱՆԸ ԷՐԴՈՂԱՆԻ ԴԷՄ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐԵՑ
Թուրքիայում քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանը յայտարարել էր, որ պատրաստւում է դիմել դատարան` Էրդողանի ելոյթի ընթացքում հայերին հայհոյող վանկարկումների պատճառով:
Փայլանն արդէն պաշտօնապէս մեղադրանք է առաջադրել դատարանում, ինչի մասին գրել է իր Twitter-եան էջում:
Մեղադրանքում մասնաւորապէս նշւել է, որ Էրդողանի մասնակցութեամբ տեղի ունեցած այս դէպքն առաջինը չէ, նաեւ ընդգծւել Էրդողանի յանցանքը կանանց, քրիստոնեաների դէմ խտրականութիւն եւ հայերի դէմ ատելութիւն պարունակող վանկարկումներում: Մեղադրանքը գլխաւորապէս առաջադրւել է Էրդողանի եւ ելոյթի պահին նրա կողքին կանգնած թուրք նախարարների դէմ: