Աղբիւր՝ www.yerkir.am
«Երջանիկ է նա, ով թուրք է». այս խօսքի հեղինակն է Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր, երկրի առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքը: Այս խօսքով են մարզումների ժամանակ «ոգեշնչւում» Թուրքիայի բանակի զինւորները: Թուրքիայում մինչ այդ չի եղել մէկը, ով երբեւէ յանդգնել է «թուրք» բառը փոխարինել մէկ այլ ազգութեան հետ:
Ուշագրաւ է, սակայն, որ յուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական յեղաշրջման փորձից յետոյ Թուրքիայի` ամէն առիթի ժողովրդավար ձեւանալու փորձ անող իշխանութիւնները փոխում են այդ ուղղութեամբ իրենց ուղին:
Պատրաստւել է յեղաշրջման վերաբերեալ թեմատիկ հոլովակ, որտեղ Աթաթուրքի յայտնի «Երջանիկ է նա, ով թուրք է» խօսքերը տարածւել են Թուրքիայում բնակւող ժողովուրդների` հայերի, յոյների, լազերի, քրդերի, զազաների, վրացիների, չերքեզների, արաբների, ալբանացիների, հրեաների, քրիստոնեաների, մուսուլմանների, ալեւիների եւ սուննիների վրայ:
«Քանի որ մենք, մեր կեանքն ու արիւնը զոհաբերելով, միասնաբար յաղթել ենք «ազատագրական» պատերազմը, ժողովրդավարութեան պատերազմը նոյնպէս ձեռք ձեռքի տւած ենք յաղթելու»,-մասնաւորապէս ասւում է տեսահոլովակում:
Նշենք նաեւ , որ տեսահոլովակն առաջինը տարածել է պետական շրջանակների կողմից հովանաւորւող TGRT հեռուստաընկերութիւնը: