Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայի սոցիալական ցանցերում տարածւել է մի ցուցակ, որի մէջ նշւած են լրագրողների անուններ, որոնք պէտք է ձերբակալւեն: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը յայտնում է, որ տեղեկութիւնը սկսել են տարածել այն օգտատէրերը, որոնք սերտ կապեր ունեն իշխանական շրջանակների մէջ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Օրինակ` Twitter-ում «Başkentջi» անունով օգտատէրը հրապարակել է 73 լրագրողի անուն: Այս ցուցակում ներառւել է նաեւ հայ լրագրող, յօդւածագիր Հայկօ Բաղդատի անունը: Վերջինս նշելով, որ իրավիճակը ծիծաղելի է, յոյս է յայտնել, որ այս անսպասելի ողբերգութիւնը յաղթահարելով, աւելի շատ են պայքարելու ժողովրդավարութեան համար:
Թուրքական մէկ այլ կայք` «internethaber»-ը, ուշադրութիւն է հրաւիրում Twitter-ում Բաղդատի վերջին գրառման վրայ, որտեղ նա գրել էր, որ կիսագործնական այցով Աթէնք եմ գնում եւ չասեն, թէ ինքը փախել է:
Կայքը նշում է, որ ձերբակալւելու են այն լրագրողները, որոնք, ըստ պնդումների, առնչութիւն ունեն գիւլենական համայնքի հետ:
Նշենք, որ յուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական յեղաշրջման փորձ էր կատարւել, որը ձախողւել էր: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յեղաշրջման փորձի մէջ մեղադրել էր ամերիկաբնակ թուրք կրօնական գործիչ, միլիարդատէր Ֆեթուլլահ Գիւլենին եւ նրա ստեղծած շարժումը, որին թուրքական լրատւամիջոցներն անւանում են զուգահեռ կառոյց կամ ֆեթուլլահի ահաբեկչական կազմակերպութիւն: Յեղաշրջման փորձի ձախողումից յետոյ Թուրքիայով մէկ սկսւեցին ձերբակալութիւնների մեծ ալիք, պետական տարբեր գերատեսչութիւնների շուրջ 45 հազար աշխատակից ազատւեց աշխատանքից եւ/կամ ձերբակալւեց: