Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամւէլ Կարապետեանին Վրաստանի իշխանութիւններն արգելել են մտնել իրենց երկիր: Այս մասին տեղեկացել է անցեալ տարւայ հոկտեմբերին, երբ 10-հոգանոց խմբով, որում հիմնադրամի աշխատակիցներ ու զբօսաշրջիկներ էին, մեկնում էին Վրաստան:

Այս տարի արդէն խմբի միւս անդամներն են պարզել, որ հարեւան երկրի սահմանն իրենց համար փակ է: Պատճառը, ըստ Սամւէլ Կարապետեանի, իրենց ուսումնասիրութիւններն ու հրատարակած գրքերն են, որոնցում ներկայացւած են վրացական իշխանութիւնների կողմից պետական մակարդակով հայկական նիւթական մշակութային ժառանգութեան ոչնչացման եւ իւրացման դէպքերը:

«Վրացու տեսանկիւնից մենք վտանգաւոր ենք, քանի որ մենք մերկացնում ենք իրենց, եւ աշխարհով մէկ խայտառակ ենք անելու, որովհետեւ «գող` սիրտը դող» վիճակն է, բայց գողը պիտի պատժւի»,- ընգծում է Սամւէլ Կարապետեանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնից պարզել են, որ եթէ ինչ-որ մէկի գործունէութիւնը որեւէ երկրի համար վտանգաւոր է, նրան անժամկէտ հռչակում են տւեալ երկրում անցանկալի անձ: Անգամ պետական մակարդակով այս որոշումը փոխել չեն կարող, բայց որոշել են պետական մակարդակով համարժէք պատասխան տալ:

«Ցուցակ եմ ներկայացնելու, բոլոր հեղինակները` 30-ից աւելի գիտնականներից մինչեւ ակադեմիկոս Զազա Ալեքսիձեն` հայագիտութեան ամբիոնի վարիչը, որպէսզի նրանք էլ Հայաստան չմտնեն»,- ասում է հիմնադրամի ղեկավարը:

Սամւէլ Կարապետեանը յիշեցնում է, որ յուշարձաններով զբաղւող շատ մասնագէտներ ու նաեւ հոգեւորականներ Վրաստանից գալիս են Հայաստան` յատկապէս Լոռի` փորձելով ապացուցել, թէ հայ քաղկեդոնական եկեղեցիները վրացական են: Աղաւաղում են նաեւ Վրաստանի հայկական յուշարձանների պատմութիւնը:

«Գէորգի Գագոշիձէի հրատարակութիւնը հայագէտ Նադիա Չաթլաձէի հետ համատեղ «Վրաստանի մոնոֆիզիտ յուշարձանները» գրքում Սամշւիլդէի մեր 10-րդ դարի արձանագրութիւնը հրատարակել են որպէս 17-րդ դար: Գորիսի շրջանի Դարպաս գիւղի 1237 թւականի արձանագրութիւնը հրատարակել են որպէս 19-րդ դարի»,- մանրամասնում է յուշարձանագէտը:

Վերջինիս այս արգելքն առանձնապէս չի մտահոգում: Պարզապէս Արեւմտեան Հայաստան գնալու համար ստիպւած են լինելու ճանապարհը երկարացնել ու անցնել Իրանով: Ասում է` միեւնոյն է, Վրաստանի հայկական յուշարձաններին վերաբերող աշխատանքները շարունակելու են. անհրաժեշտ լուսանկարներն ու տեղեկութիւնները կը ստանան Վրաստանի գործընկերների օգնութեամբ: Բայց գրքերում անպայման կը նշեն, որ վրացական իշխանութիւնների արգելքի պատճառով լիարժէք ուսումնասիրութեան հնարաւորութիւն չեն ունեցել:

Ի դէպ, Վրաստանում անցանկալի անձինք են համարւում նաեւ Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ, շարքային քաղաքացիներ: «Երկիր մեդիա»-ի նկարահանող խմբերը եւս  մի քանի անգամ արգելքների են հանդիպել հայ-վրացական սահմանին: