Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է համացանցի վերաբերեալ վիճայարոյց օրէնքը: Նոր օրէնքը կառավարութեանը թոյլ է տալիս այսուհետեւ ինքնուրոյն որոշել եւ արգելափակել համացանցային կայքերն ու էջերը: Դատարանի որոշում դրա համար այլեւս պէտք չէ: Բացի դրանից՝ նոր օրէնքը պարտադրում է ինտերնետ մատակարարողներին պահպանել երկու տարւայ ընթացքում իրենց օգտատէրերի այցելած կայքերի ցանկը եւ անհրաժեշտութեան դէպքում այդ տւեալները հասանելի դարձնել համապատասխան մարմինների համար:

Թուրքիայի ընդդիմութիւնը կարծում է, որ սա հակասահմանադրական քայլ է, որի միջոցով կառավարութիւնը փորձում է գրաքննութիւն իրականացնելով՝ սահմանափակել խօսքի ազատութիւնը:

Զուգահեռաբար հայկական մեդիան տեղեկատւութիւն թողարկեց այն մասին, որ Էրդողան-Գիւլէն հակամարտութեան ֆոնին, իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան կողմից վերահսկւող զանգւածային լրատւամիջոցները Ֆաթհուլլահ Գիւլէնի ծագումնաբանութիւնը ստուգելիս՝ նրա մօտ գտել են ոչ աւել, ոչ պակաս «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԵԱՆ» հետքեր:

Թէեւ իրադարձութիւնների նման զարգացումները հիմնականում պայմանաւորւած են «կոռուպցիոն սկանդալ»-ի հետ կապւած իշխանական խոր ճգնաժամով, այնուամենայնիւ, չպէտք է մոռանալ երկու կարեւոր հանգամանք.

Առաջին՝ Էրդողանը նոր չէ, որ հանդէս է գալիս ազատ խօսքի հակառակորդի դիրքերից: Համացանցի դէմ պայքարի հրահանգն Էրդողանն իջեցրել էր դեռ մի քանի տարի առաջ: Վերջին իրադարձութիւններն ընդամէնն առիթ ընձեռեցին նրան՝ իրականացնելու սեփական ցանկութիւնը:

Երկրորդ՝ քաղաքական հակառակորդին կամ ընդդիմախօսին վարկաբեկելու նպատակով նրա իրական կամ մտացածին ազգային, մասնաւորաբար հայկական ծագումը շահագործելն ընդունւած աւանդոյթ է թուրքական քաղաքական կուսակցութիւնների եւ գործիչների մօտ: Նրանք, դա յաճախ են չարաշահում՝ մրցակցին չէզոքացնելու կամ ասպարէզից հեռացնելու համար:

Հետաքրքրական է այն փաստը, որ այս բոլորի համտեքստում վերջերս Գերմանիա կատարած իր պաշտօնական այցի ընթացքում վարչապետ Թայիբ Էրդողանը իր բունդեսթագեան ելոյթի ընթացքում խօսելով թուրքական իշխանութիւնների եւրոպական ընտանիքում ինտեգրւելու քաղաքական կամքի մասին՝ գերմանական իշխանութիւններից խնդրել է նպաստել Թուրքիայի Եւրոմիութեանն անդամակցելու գործընթացին:

Այս կապակցութեամբ նշենք երկու կարեւոր հանգամանք.

ա- Մարդու իրաւունքների եւրոպական կոնւենցիան բացարձակապէս չի հանդուրժում ազատ խօսքի նկատմամբ որեւէ ոտնձգութիւն՝ Եւրոմիութեան անդամ, անդամակցութեան թեկնածու կամ գործընկեր պետութեան կողմից:

բ- Որեւէ մարդու ազգային պատկանելութիւնը, նրա դէմ որպէս խաղաքարտ օգտագործելը ռասիստական եւ ֆաշիստական հակումների ակնյայտ դրսեւորում է, ինչը տրամագծօրէն հակասում է այն արժեհամակարգին, որի վրայ յենքաւորւել է եւրոպական մեծ ընտանիքը:

Հէնց արժեհամակարգային այս անհամատեղելիութիւններով է պայմանաւորւած եւրոպական ընտանիքին անդամակցելու ճանապարհին Թուրքիայի դէմ կարմիր լոյսի մշտական առկայութիւնը:

Եւ պատահական չէ, որ վերը նշւած թեմաները (ու դրանց հետ ուղղակի կամ անուղղակի առնչւող բոլոր խնդիրները, այդ թւում նաեւ Հայոց Ցեղասպանութեան հարցը), մշտապէս կազմում են եւրոպացի եւ թուրք տարբեր նշանակութեան եւ տրամաչափի քաղաքական գործիչների այն զրոյցների առանցքը, որոնք վերաբերում են Թուրքիայի Եւրոմիութեանն անդամակցելու հարցին:

Իհարկէ, եւրոպացիները եւս Թուրքիայի հարցով պէտք է մի կողմ թողնեն երկակի ստանդարտների կիրառումը:

Անշուշտ, Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը, եւ եւրոպական տարածքում դրա մերժումը քրէօրէն պատժելի յանցանք հռչակելը պէտք է դիտարկել որպէս կարեւոր քայլ, ինչը կարող է Թուրքիային ստիպել վերջիվերջոյ առերեսւել սեփական պատմութեան ամենամութ էջի հետ:

Սա առանցքային նշանակութիւն կարող է ունենալ Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում: Գործընթաց, որից, անտարակոյս, շահելու են բոլորը, այդ թւում նաեւ՝ մենք՝ հայերս: