Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Բրիտանական The Daily Mail պարբերականն անդրադարձել է Հռոմի պապի` յունիսի 24-ին Հայաստան կատարելիք այցին` նշելով, որ այդ փաստը լարուածութիւն կառաջացնի ու վատ կանդրադառնայ Հռոմի ու Թուրքիայի դիւանագիտական յարաբերութիւնների վրայ:

Հրապարակման մէջ յիշեցւում է, որ անցած տարի Հռոմի պապը հրապարակայնօրէն որպէս 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւն էր որակել 1915 թուականի Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած դէպքերը:

«Իր եռօրեայ այցի 2-րդ օրը պոնտիֆիկոսն այցելելու է Ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր, ինչը, անկասկած, կրկին լարուածութիւն կառաջացնի Վատիկանի ու Անկարայի միջեւ»,-գրում է պարբերականը` յիշեցնելով, որ անցած տարի Թուրքիան բողոքի նոտա էր յղել Վատիկանի դեսպանին` Ֆրանցիսկոսի կողմից «ցեղասպանութիւն» բառն արտասանելու համար:

Ինչպէս աւելի վաղ յայտնել էինք Ֆրանցիսկոս պապի այցը կը մեկնարկի յունիսի 24-ին: Այցի շրջանակում Երեւանի «Զուարթնոց» միջազգային օդանաւակայանում տեղի կունենայ պաշտօնական դիմաւորման արարողութիւն, որից յետոյ Սրբազան Քահանայապետը կը մեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենայ Բարիգալստեան` «Հրաշափառի» արարողութիւնը:

Նոյն օրը երեկոյեան Սրբազան Քահանայապետը ՀՀ Նախագահի նստավայրում հանդիպում կունենայ Նախագահ Սերժ Սարգսեանի, ապա՝ ՀՀ իշխանութիւնների, հասարակութեան եւ դիւանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:

Յունիսի 25-ի առաւօտեան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր եւ թանգարան:

Յունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենայ Հայ Կաթողիկէ եպիսկոպոսների հետ: