Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ ապրիլի սկզբին սանձազերծուած լայնամասշտաբ ռազմական գործողութիւններում Ադրբեջանի կորուստները մինչ վերջերս գնահատւում էին մօտ 180-200 զոհուածներ, այդ թւում` մօտ 30 յատուկ ջոկատայիններ, երկու ուղղաթիռ, երեք տանկ եւ երկու անօդաչու թռչող սարք: Սակայն OSTKRAFT վերլուծական կենտրոնի աղբիւրների կողմից բերուող փակ տուեալներով` Ադրբեջանի իրական կորուստը կազմել է գրեթէ 800 մարդ:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, OSTKRAFT-ը համոզմունք է յայտնում, որ հէնց կորուստների այդ չափն է Ադրբեջանի ղեկավարութեանը հարկադրել կանգնեցնել ագրեսիան եւ վերադառնալ բանակցութիւնների սեղան:

«Հաշուի առնելով այդ տուեալները` խորապէս չհիմնաւորուած են երեւում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բիւլբիւլօղլիի այն յայտարարութիւնը, թէ «Բաքուն պատրաստ է ԼՂ-ի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով», քանի որ ԼՂ-ի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար Ադրբեջանը ոբչ ուժեր, ոբչ էլ միջոցներ չունի»,- նշում է վերլուծական կենտրոնը՝ ընդգծելով, որ միակ բանը, որ Թուրքիայի օգտին իր չմտածուած գործողութիւններով հրահրել է Ադրբեջանը, դա Հայաստանի կողմից ԼՂ-ի հնարաւոր ճանաչումն է:

OSTKRAFT վերլուծական կենտրոնը յիշեցնում է, որ ապրիլի սկզբին ղարաբաղեան հակամարտութեան գօտում լուրջ մարտական բախումներ են տեղի ունեցել Ադրբեջանի Զու եւ ԼՂ-ի միջեւ, ինչի համար եւ՛ Հայաստանում, եւ՛ ԼՂ-ում Ադրբեջանի զինուած ուժերին մեղադրել են շփման գծի հարաւային, հարաւ-արեւելեան եւ հիւսիս-արեւելեան ուղութիւններով յարձակում գործելու մէջ:

Ադրբեջանը մինչ այժմ չի հրապարակել ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դէմ իր ագրեսիայի արդիւնքում կրած կորուստի իրական չափը: Meydan TV-ն իր հետազօտութիւնների արդիւնքներով յայտնել է, որ ադրբեջանական կողմի կորուստը կազմում է 101 զինծառայող եւ միաժամանակ նշել, որ այդ թիւը կարող է շատ աւելի մեծ լինել:

Միջազգային Bellingcat վերլուծական խումբը յայտնել էր, որ ապրիլի 1-5-ին Ադրբեջանի կորուստն, իր «զգուշաւոր գնահատականներով», նուազագոյնը 400 զինծառայող է:

ԼՂՀ ՊԲ տուեալներով` ապրիլի 1-5-ին ԼՂՀ դէմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարուածի արդիւնքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենայ, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենայ, 1 ՏՕՍ-1այ հրանետ, 1 ՀՄՄ, 1 «Գրադ» ՀԿՌՀ: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տուել է աւելի քան 500 կորուստ, մօտ 2000 վիրաւոր: