Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքական բանակում 22 տարում գրանցուել է պարտադիր զինծառայողների` կասկածելի պայմաններում մահուան 2.220 դէպք: Քրդական Özgür gündem թերթի կայքի տեղեկացմամբ՝ պարտադիր զինծառայութեան ընթացքում կասկածելի պայմաններում մահացած զինուորների 80 տոկոսը քրդեր, հայեր եւ ալեւիներ են, որոնք բանակում լուրջ ճնշումների են ենթարկւում. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Զինուորների կասկածելի մահուան դէպքերով եւ տուժածների իրաւունքների խնդիրներով զբաղուող կազմակերպութեան փոխնախագահ Ռըզայ Դողանի խօսքով՝ միայն 2015թ. յուլիսից մինչ օրս գրանցուել է զինուորի մահուան 8 դէպք, որոնք ենթադրաբար ինքնասպանութիւն են գործել:

Մահացած զինուորների ընտանիքները տարիներ շարունակ  իրաւական պայքար են մղում՝ իրենց զաւակների մահուան հանգամանքների եւ մեղաւորների բացայայտման պահանջով: Նրանք վստահ են, որ իրենց զաւակները գիտակցաբար մահուան են ուղարկուել կամ կանխամտածուած ձեւով սպանուել են:

Ռըզայ Դողանի 20-ամեայ որդին՝ Ոյսալ Դողանը, նոյնպէս մահացել է պարտադիր զինծառայութիւն իրականացնելիս՝ 2012թ. Մուշում: Զինծառայողի մահուան վերաբերեալ առաջ է քաշուել ինքնասպանութեան վարկածը, սակայն հայրը համոզուած է, որ դա սպանութիւն է եղել: Ենթադրեալ ինքնասպանութեան գործիքի վրայ մահացածի մատնահետքերը չեն յայտնաբերուել:

Դողանը յայտնել է, որ կասկածելի պայմաններում զինուորների մահուան դէպքերի առթիւ յարուցուած քրգործերը ռազմական դատարանները գիտակցաբար կարճում են, իսկ իրական յանցագործները՝ քօղարկւում: Նրա պնդմամբ՝ զինուորների մահուան դէպքերի մեղաւորը հէնց պետութիւնն է: