Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է ինստիտուցիոնալ յայտարարութիւն, Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների վերաբերեալ, դատապարտելով ռազմական ճանապարհով հակամարտութիւնը լուծելու Ադրբեջանի փորձը:

Յայտարարութիւնն ընդունուել է խորհրդարանում ներկայացուած քաղաքական բոլոր ուժերի միաձայն քուէարկութեամբ:

«2016 թուականի ապրիլի 2-ին Ադրբեջանը միակողմանիօրէն ձեռնարկեց աննախադէպ յարձակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Այդ յարձակման արդիւնքում զոհուեցին տասնեակ անձինք, այդ թւում՝ խաղաղ բնակիչներ, որոնցից մէկը երեխայ»,- նշուած է յայտարարութեան մէջ:

Բասկեան խորհրդարանը դրական է գնահատել ապրիլի 5-ին զինադադարի վերականգնումը: Կոչ է արւում նաեւ ստեղծել 2012 թուականից Մինսկի խմբի կողմից առաջարկուող հրադադարի խախտումների հետաքննութեան միջազգային մեխանիզմ, նաեւ մերժել ուժի կիրառումը հակամարտութեան կարգաւորման գործում: Խրախուսում է վերադառնալ բանակցութիւնների գործընթացին, որտեղ Լեռնային Ղարաբաղը կ'ունենայ իր մասնակցութիւնը: