Աղբիւր՝ www.yerkir.am
Մարտի 25-ին կայացրած որոշմամբ Թուրքիայի կառավարութիւնը պետականացրել է հայկական Տիգրանակերտ քաղաքի Սուր թաղամասում գտնուող 6300 կառոյց եւ տարածք, որոնց թւում է նաեւ Սուրբ Կիրակոս եկեղեցին:
Ըստ «Ակօս»-ի՝ պետականացուած կալուածքների թւում են նաեւ ասորական, քաղդէական եւ բողոքական եկեղեցիներ:
Սուրբ Կիրակոս եկեղեցին տարիներ շարունակ թողնուած է եղել բախտի քմահաճոյքին: Այն վերջին տարիներին մեծ ջանքերի շնորհիւ վերանորոգուել եւ վերաբացուել էր:
«Ակօս»-ի թղթակիցը կապ է հաստատել Տիգրանակերտի քաղաքապետարանի մշակութային ժառանգութեան գրասենեակի նախագահ Նեւին Սոյլուքայեանի հետ, ով յայտնել է, որ Սուր շրջանում գտնուող բոլոր եկեղեցիներին եւ հիմնադրամներին պատկանող տարածքների պետականացման որոշումն արդէն կայացուած է: Այդ կալուածքների ցանկում են քաղաքապետարանին պատկանող ունեցուածքներ, որոնց համար քաղաքապետարանը որոշել է դատի տալ կառավարութեանը:
Սոյլուքայեան նաեւ յայտնել է, որ անհրաժեշտ է, որ սեփականատէրերը նոյնպէս դատական գործընթաց սկսեն: