Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ժամանակին բազմահազար բնակչութիւն ունեցող, Բագրատունիների արքայատոհմի իշխանութեան ներքոյ մշակութային եւ տարածաշրջանային հզօր կենտրոն դարձած Անին այսօր վերածուել է ուրուականների լքուած քաղաքի:
Երբ քայլում ես աւերակների կողքով, միակ ձայնը, որ կարող ես լսել, Հայաստանի ու Թուրքիայի սահմանը դարձած ձորից եկող քամին է: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին գրում է BBC-ն «Կայսրութիւն, որն աշխարհը մոռացել է» խորագիրը կրող յօդուածում:
«Իր ծաղկունքի շրջանում՝ 11-րդ դարում, գիտնականները ենթադրում են, որ Անին ունեցել է 100 հազար բնակչութիւն, որն աւելին է, քան այն ժամանակուայ Փարիզի եւ Լոնդոնի բնակչութիւնը միասին վերցրած: Յայտնի, որպէս «1000 ու մէկ եկեղեցիների քաղաք»՝ Անիի հայ ղեկավարներն ու առեւտրականները հիմնել են զգալի թուով պաշտամունքի վայրեր, որոնք բոլորն էլ ձեւաւորուած են այդ ժամանակաշրջանի մեծագոյն ճարտարապետական եւ գեղարուեստական ոճով»,- գրում է բրիտանական լրատուամիջոցը:
Յօդուածի հեղինակ Ժոզեֆ Ֆլահերթին նկարագրում է Անիում կիսականգուն մնացած հայկական եկեղեցիները՝ Անիի Մայր տաճարը, Սուրբ Փրկիչն, Աբուղամրենց Սուրբ Գրիգորը, Տիգրան Հոնենցն, անդրադառնում Անիի ստորգետնեայ կառոյցներին ու պարիսպներին:
Նա փաստում է, որ թէպէտ Անին շատ յաճախ վերածուել է պատերազմական թատերաբեմի, սակայն դրա աւերակներն այսօր ներկայացնում են պատմութեան տարբեր ժամանակաշրջաններ, երբ քաղաքը տեսել է մշակոյթների, կրօնների ու գեղարուեստական մոտիվների տարբեր շրջափուլեր: