Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայի քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութիւնից (ԺԴԿ-HDP) հայ պատգամաւոր Կարօ Փայլանը մէջլիսում բարձրացրել է ազգային փոքրամասնութիւնների դպրոցների խնդիրը: Թուրքական Habervaktim.com լրատուակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագծերի եւ բիւջէի յանձնաժողովի նիստում նա առաջարկել է վերաբացել Ստամբուլի Հէյբելիադա կղզու յունական հոգեւոր դպրոցը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
«Միթէ՞ դեռ չի եկել այն օրը, որ քաղաքացու պէս վերաբերուենք այստեղի հային, ասորուն, յոյնին, հրէային: Ասում էք, թէ ուզում էք հաւատացեալ հասարակութիւն մեծացնել,- դա պարոն նախագահի նախաձեռնութիւնն է,- ուրեմն թոյլ տուէք, թող յոյներն էլ հաւատացեալ հասարակութիւն դաստիարակեն: Ինչու՞ ոչ»,- ասել է Փայլանը:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն հոգեւոր դպրոցների խնդրում աջակցել է Փայլանին: «Ես միանում եմ, թող բացուի»,- ասել է նա: Սակայն, միեւնոյն ժամանակ, ընդգծել է, թէ նշեալ խնդիրը Արտգործնախարարութեան իրաւասութիւնների մէջ չի մտնում, խնդիրը պէտք է համաձայնեցնել կրթութեան նախարարութեան հետ:
Փայլանը օրակարգ է բերել նաեւ ազգային փոքրամասնութիւններին պատկանող դպրոցների կարգավիճակի խնդիրը: Այդ հաստատութիւնները ներկայումս ո՛չ պետական դպրոցներ են, ո՛չ մասնաւոր: Ըստ հայ պատգամաւորի՝ ֆինանսների նախարարութիւնը պնդում է, թէ ազգային դպրոցները պէտք է ձեւակերպուեն որպէս առեւտրային կազմակերպութիւններ, մինչդեռ այդ դպրոցները վճարովի չեն, եւ նրանց կոչումը ազգային դպրոց եւ ազգային հիմնադրամ լինելն է: