Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ստամբուլի Թուզլայ շրջանում գտնուող «Քեմփ Արմէն» հայկական որբանոցի շէնքի վերականգնման աշխատանքները մեկնարկել են: Այս մասին հաղորդում է «Ակօս» պարբերականը:

Աշխատանքների իրականացման նպատակով ստեղծուել է յատուկ յանձնաժողով, որի մէջ ներառուել են տեղի հայկական տարբեր կազմակերպութիւնների ու հիմնադրամների ներկայացուցիչներ:

Նախատեսւում է ճամբարի համար ճարտարապետական նախագծի միջազգային մրցոյթ անցկացնել: Թուզլայի իշխանութիւններն իրենց հերթին մաքրման աշխատանքներ են սկսել ճամբարի տարածքում:

2015-ին ամիսներ շարունակ հայ համայնքի ներկայացուցիչները պայքարում էին հայկական որբանոցը համայնքին վերադարձնելու համար։

«Արմէն» ճամբարում մեծացել եւ կրթութիւն են ստացել 2007 թուականի յունուարի 17֊-ին թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանուած Ստամբուլի «Ակօս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքն ու նրա կինը` Ռաքէլ Դինքը:

«Արմէն» ճամբարը, որտեղ մինչեւ 1983 թուականը ապաստանել են մօտ 1500 հայ որբեր, թուրքական իշխանութիւնների կողմից զաւթուել է 1987 թուականին եւ վաճառուել թուրք գործարարի: Վերջինս որոշել էր քանդել մանկատունը եւ նրա տեղում բնակելի շէնքեր կառուցել:

Ճամբարի քանդումը ժամանակաւորապէս դադարեցուել էր հանրութեան շրջանում խիստ բողոքի եւ շէնքը հայ տէրերին վերադարձնելու պահանջների պատճառով: