Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության մարդու իրավունքների հարցերով փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն խորհրդարանի հանձնաժողովին ներկայացրել է Թուրքիայի քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ։
Եթե ընդունվի Թանրըքուլուի ներկայացրած օրինագիծը, ապա վերջին 100 տարում արտաքսված ու քաղաքացիությունից զրկված հայերը, հույները, ասորիները, հրեաներն ու քրդերը կունենան Թուրքիայի քաղաքացիություն ստանալու իրավունք։
Նախագծի համաձայն, նման իրավունքից կարող են օգտվել ինչպես բռնագաղթի ենթարկված անձինք, այնպես էլ նրանց ողջ չլինելու դեպքում նրանց ժառանգները՝ մինչեւ 4-րդ սերունդ։
Քաղաքացիություն ստանալու համար դիմողներին անհրաժեշտ է ներկայացնել «տվյալ ժամանակաշրջանի անձնագրեր», եկեղեցական եւ կրոնական այլ հաստատությունների արձանագրություններ, ազգային փոքրամասնությունների հիմնադրամների կամ այլ կառույցների փաստաթղթեր, Օսմանյան Կայսրության ժամանակաշրջանի փաստաթղթեր, բռնագաղթից հետո հանգրվանած երկրների փաստաթղթեր։
Ընդգծվում է, որ խոսքը հիմնականում 1915-1980-ական թվականների դեպքերի մասին է, որոնք հանգեցրել են Թուրքիայից հարյուր հազարավոր հայերի, հույների, ասորիների ու հրեաների արտաքսմանը։ Այդ թվում հիշատակվում են 1915 թվականի տեղահանության մասին օրենքը, 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին հայերի ու հույների ջարդերը, եւ մի շարք ցեղապաշտական այլ նախաձեռնություններ, որոնք արձանագրվել են Թուրքիայի հարյուրամյա պատմության ընթացքում։
Քեմալական այս կուսակցությունը նախկինում էլ նույնաբովանդակ փաստաթուղթ էր ներկայացրել խորհրդարան, որը մերժվել էր։