Աղբիւր՝ www.yerkir.am
Դեկտեմբերի 9-ին Չինաստանի Դալիան քաղաքի օտար լեզուների համալսարանում տեղի ունեցաւ Չինաստանում հայագիտական առաջին կենտրոնի բացումը, որը հնարաւոր եղաւ իրականացնել Երեւանի Վ. Բրիւսովի անուան լեզուահասարակագիտական համալսարանի եւ Դալիանի օտար լեզուների համալսարանի համագործակցութեան արդիւնքում։
Կենտրոնի բացման հանդիսաւոր արարողութեանը ներկայ էին Չինաստանում ՀՀ դեսպան Արմէն Սարգսեանը, Երեւանի Վ.Բրիւսովի անուան լեզուահասարակագիտական համալսարանի պատուիրակութիւնը՝ ռեկտոր Գայիանէ Գասպարեանի գլխաւորութեամբ, Դալիանի օտար լեզուների համալսարանի ղեկավարութիւնը, Դալիանի քաղաքապետարանի եւ չինական տարբեր լրատուամիջոցների ներկայացուցիչներ։
Ողջոյնի խօսքով հանդէս եկան Չինաստանում ՀՀ դեսպան Արմէն Սարգսեանը, Հայագիտական կենտրոնի տնօրէնը, երկու համալսարանների ղեկավարները: Իր խօսքում ՀՀ դեսպանը կարեւորեց իր տեսակի մէջ առաջին կենտրոնի բացումը, որը իւրայատուկ հարթակ է դառնալու հայ-չինական երկկողմ յարաբերութիւնների բազմաթիւ հարցերի քննարկման, ինչպէս նաեւ յետագայ փոխգործակցութեան խորացման ուղիների ուսումնասիրութեան համար։ Դեսպանը համոզմունք յայտնեց, որ կենտրոնը կը նպաստի ոչ միայն երկու համալսարանների միջեւ գիտական եւ մշակութային համագործակցութեան ընդլայնմանը, այլ նաեւ երկու երկրների կրթական համակարգերի միջեւ նոր կապերի հաստատմանը՝ դառնալով հայ եւ չին ժողովուրդների բազմադարեայ բարեկամութեան եւ համագործակցութեան եւս մէկ վառ օրինակ։ Դեսպան Սարգսեանը վստահեցրեց, որ դեսպանատունը անհրաժեշտ աջակցութիւն է ցուցաբերելու կենտրոնին եւ մշտական ուշադրութեան կենտրոնում պահելու վերջինիս գործունէութիւնը:
Բացման հանդիսաւոր արարողութիւնից յետոյ մասնակիցները համալսարանի ուսանողների հետ միասին այցելեցին նորաբաց կենտրոն՝ տարաբնոյթ գրքեր, ձեռնարկներ, տպագիր եւ էլեկտրոնային ուսումնական նիւթերի նուիրաբերմամբ առաջին քայլը կատարելով կենտրոնում հայագիտական հարուստ գրադարանի ձեւաւորման գործում։