Աղբիւր՝ www.yerkir.am

ԷՐԴՈՂԱՆԻ ՎԱՐՈՐԴԸ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ Է ԴԱՐՁԵԼ

Թուրքիայում նոյեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 20 տարուայ վարորդ Ահմեդ Չամլըն պատգամաւոր է ընտրուել «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնից. յայտնում է Sonhaberburda-ը:

***

Աղբիւր՝ www.yerkir.am

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՐԴԱՄԷՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՎԵՐԱՀԱՇՈՒԵԼ ՔՈՒԷԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ

Թուրքիայում քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութիւնն Ադանայում եւ Դերսիմում (Թունջելի) բողոքարկել է արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքնե-րը:

Ըստ Milliyet-ի՝ կուսակցութիւնը դիմել է երկու քաղաքների շրջանային ընտրական խորհրդին՝ պահանջելով վերահաշուել քուէաթերթիկները:

***

Աղբիւր՝ www.yerkir.am

ԷՐԴՈՂԱՆԱՄԷՏ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԸ ԶԱՒԵՇՏԱԼԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ ԳՈՎԵՐԳԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՆ

Թուրքիայում իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնից հայ պատգամաւոր Մարգար Եսայեանը, ով աչքի է ընկնում իր էրդողանամէտ գաղափարներով, զաւեշտալի յայտարարութիւններով է հանդէս եկել:

Ըստ T24-ի՝ Sputnik լրատուական գործակալութեան հետ զրոյցում Եսայեանն անդրադարձել է ընտրութիւնների արդիւնքներին եւ քրդական հարցի կարգաւորմանը: Նրա խօսքով՝ ընտրութիւնների արդիւնքները ցոյց տուեցին, որ Քրդական բանուորական կուսակցութեան դէմ պայքարը պէտք է շարունակուի։

Եսայեանը նշել է, որ թուրքական իշխանութիւնները քրդական հարցի կարգաւորման համար այսուհետ չեն երկխօսելու քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան հետ եւ հաշուի չեն առնելու ՔԲԿ-ի ղեկավար Օջալանին: «Փոխարէնը՝ իշխանութիւնները երկխօսելու են միայն քուրդ ժողովրդի հետ»,- ասել է նա:

Թուրքիայում մամուլի ազատութեանն անդրադառնալով՝ Եսայեանն այնպիսի յայտարարութիւն է արել, որն իսկապէս ծիծաղ կարող է առաջացնել Թուրքիայում ԶԼՄ-ների եւ լրագրողների դէմ բռնութեան մասին քաջատեղեակ մարդկանց շրջանում: «Թուրքիայում մամուլն այնքան ազատ է, որ գուցէ Եւրոպայում այդքան ազատ չէ»,- ասել է նա: