Աղբիւր՝ www.yerkir.am

 

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրւթիւններին մասնակցել են նաեւ միջազգային դիտորդներ: Evrensel.net-ի տեղեկացմամբ՝ դիտորդների թւում եղել է նաեւ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի կողմից ուղարկուած երեք հոգանոց պատուիրակութիւնը: Թուրքիայի քրդամէտ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան (ԺԴԿ-HDP) հրաւէրով միջազգային դիտորդները ԺԴԿ-ի նահանգային կազմակերպութեան շէնքում հաւաքուել եւ ներկայացրել են իրենց դիտարկումները. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Հայ դիտորդները պատմել են, որ իրենք շրջել են Ստամբուլի Էսենիւրթ թաղամասի 10 դպրոցներում, որտեղ ընտրութիւններ են ընթացել: Էսենիւրթի Իբրահիմ Օզայդըն տարրական դպրոցում ոստիկանութիւնը շուրջ 45 րոպէ նրանց թոյլ չի տուել ներս մտնել, ստուգել են նրանց անձնագրերը, իսկ ոստիկաններից մէկը հարցրել է. «Էս հայերն էստեղ ի՞նչ գործ ունեն»:

Նոյն վերաբերմունքին են հայ դիտորդներն արժանացել նաեւ «18-րդ դարի» դպրոցում: Դիտորդներին շրջապատած ոստիկանները կրկին ստուգել են նրանց փաստաթղթերը, իսկ երբ պատուիրակութեան անդամները ներկայացել են, ոստիկաններն ասել են. «Հա, հա, հասկացայ՝ հայ էք, հայ»:

Դիտորդները նշել են, որ նման վերաբերմունքը պայմանաւորուած է այն հանգամանքով, որ Թուրքիայում օտարազգի դիտորդների իրաւունքներն օրէնքով յստակ ամրագրուած չեն:  Դիտորդները պատմել են նաեւ, որ որոշ դպրոցներում հանդիպել են իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան (ԱԶԿ-AKP) կրծքանշաններով մարդկանց, որոնք յաճախակի միջամտել են քաղաքացիների ընտրութեանը: Իսկ տարէց եւ հիւանդ քուրդ ընտրողները, ըստ դիտորդների, համապատասխան օգնութիւն չեն ստացել ընտրատեղամասերի աշխատակիցների կողմից:

Իրենց դիտարկումներն են ներկայացրել նաեւ Ֆրանսիայի, Սերբիայի, Հունգարիայի դիտորդական պատուիրակութիւնները, որոնք եւս ոստիկանների կողմից ճնշման եւ ստուգումների են ենթարկուել: Իսկ Թուրքիայ մեկնած՝ Յունաստանի պատուիրակութեան անդամները ձերբակալուել եւ արտաքսուել են երկրից: