Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնուող «Քեմփ Արմէն» անունով յայտնի հայկական որբանոցը վերադարձուել է հայ համայնքին։ Այն այլեւս յանձնուել է «Գեդիկփաշա» բողոքական հայ եկեղեցու հիմնադրամին, որին նախապէս պատկանել է։

Ամիսներ շարունակ հայ համայնքի ներկայացուցիչները պայքարում էին հայկական որբանոցը համայնքին վերադարձնելու համար, եւ այսօր կարելի է արձանագրել այդ պայքարի արդիւնքը։

«Արմէն» ճամբարում մեծացել եւ կրթութիւն են ստացել 2007 թուականի յունուարի 17֊-ին թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանուած Ստամբուլի «Ակօս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքն ու նրա կինը` Ռաքէլ Դինքը:

«Արմէն» ճամբարը, որտեղ մինչեւ 1983 թուականը ապաստանել են մօտ 1500 հայ որբեր, թուրքական իշխանութիւնների կողմից զաւթուել է 1987 թուականին եւ վաճառուել թուրք գործարարի:

Վերջինս որոշել էր քանդել մանկատունը եւ նրա տեղում բնակելի շէնքեր կառուցել:   Ճամբարի քանդումը ժամանակաւորապէս դադարեցուել էր հանրութեան շրջանում խիստ բողոքի եւ շէնքը հայ տէրերին վերադարձնելու պահանջների պատճառով: