Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիայի Դիարբեքիր (պատմ. Տիգրանակերտ) քաղաքի Սուր կոչուող վարչական շրջանում վերջերս տեղի ունեցած թուրք-քրդական զինուած բախումների արդիւնքում գրանցուած զոհերից եւ վիրաւորներից բացի մեծ վնաս է հասցուել նաեւ քաղաքի պատմական յուշարձաններին:
Թուրքական evrensel.net-ի համաձայն՝ հրաձգութիւնների եւ գնդակոծութիւնների հետեւանքով որոշ հատուածներում վնասուել են Դիարբեքիրի հնագոյն պարիսպները (պատմական հայկական Տիգրանակերտի պարիսպները), տուժել են նաեւ Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եւ հայկական կաթոլիկ եկեղեցիները:
Դիարբեքիրի քաղաքապետարանի մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան բաժնի ղեկավար Նեւին Սոյուքայեան յիշեցրել է, որ 2015թ. յուլիսի 4-ին անտիկ Դիարբեքիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկուել է համաշխարհային մշակութային ժառանգութեան ցանկում:
Սոյուքայեան նշել է, որ այս առումով իրենք յատկապէս կարեւոր պատասխանատուութիւն են կրում՝ Դիարբեքիրում գտնուող պատմական յուշարձանների պահպանութեան համար եւ ընդգծել, որ Թուրքիայի ղեկավարութեանը, որը պետութեան անունից խոստացել է պահպանել համաշխարհային մշակութային ժառանգութիւն համարուող այդ յուշարձանները, Դիարբեքիրի տարածքում որոշակի գործողութիւններ ձեռնարկելիս պէտք է նկատի ունենայ նաեւ այդ հանգամանքը: