Աղբիւր՝ www.yerkir.am

 

Սեպտեմբերի 27-ին ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանը Նիւ Եօրքում հանդիպում ունեցաւ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջաւադ Զարիֆի հետ. յայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայութիւնը: Հանդիպմանը բարձր գնահատուեց երկու հարեւան երկրների միջեւ առկայ բարեկամական յարաբերութիւնները եւ կարեւորեց համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցութեան ընդլայնումը:

Անդրադարձ կատարուեց առաջիկայում կայանալիք փոխայցելութիւններին, ինչպէս նաեւ հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի գործունէութեանը։

Նախարարներ Նալբանդեանն ու Զարիֆը քննարկեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանաւորուածութեան իրագործմանն առնչուող հարցեր։ Մտքեր փոխանակուեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ։

ՄԱԿ-ի կենտրոնակայեանում Էդուարդ Նալբանդեանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի Ասիա-խաղաղօւկանոսեան տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցերով տեղակալ, Ասիա-խաղաղօւկանոսեան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հարցերով (UN ESCAP) ՄԱԿ-ի յանձնաժողովի գործադիր քարտուղար Շամշադ Ախտարի հետ։

Հանդիպմանը Շամշադ Ախտարը Էդվարրդ Նալբանդեանին ներկայացրեց իր ղեկավարած կառոյցի գործունէութիւնը։ Զրուցակիցներն անդրադարձան դէմի ծով ելք չունեցող երկրների առջեւ ծառացած խնդիրներին, քննարկուեցին UN ESCAP-ի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցութեան հնարաւորութիւնները։ Այս համատեքստում տիկին Ախտարը տեղեկացրեց, որ յաջորդ տարի UN ESCAP-ի տարեկան համաժողովը նուիրուած է լինելու դէպի ծով ելք չունեցող երկրների խնդիրներին։

Նոյն օրը Էդուարդ Նալբանդեանն ընդունեց Ամերիկայի հրէական կոմիտէի պատուիրակութեանը՝ կառոյցի գործադիր տնօրէն Դեւիդ Հարիսի գլխաւորութեամբ: Նախարար Նալբանդեանը բարձր գնահատեց Ամերիկայի հրէական կոմիտէի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ։ Էդուարդ Նալբանդեանը կարեւորեց միջազգային համատեղ ջանքերը` մարդկութեան դէմ յանցագործութիւնների դատապարտման ու կանխարգելման ուղղութեամբ:

Հանդիպմանը մտքեր փոխանակուեցին Հարաւային Կովկասում, Մերձաւոր Արեւելքում ընթացող գործընթացների, մի շարք տարածաշրջանային միջազգային հիմնահարցերի վերաբերեալ: