Աղբիւր՝ www.yerkir.am
Անկարայի քաղաքապետ Մելիհ Գեօքչէքը 2-4 տարուայ ազատազրկման պահանջով ամիսներ առաջ դատի էր տուել Taraf թերթի պոլսահայ յայտնի լրագրող Հայկօ Բաղդադին, ով twitter-յան իր էջում նրան «նողկալի մարդ» էր անուանել:
Այսօր կայացել է դատավարութեան առաջին նիստը, որին Բաղդադը մասնակցել է իր փաստաբանի հետ:
Լրագրողների հետ զրոյցում Հայկօ Բաղդադն ասել է. «Հայկական անուններ կրող մեր երեխաների կեանքին վտանգ է սպառնում Մելիհ Գեօքչէքի նման մարդկանց նողկալի պահուածքի պատճառով»:
Նա բացատրել է նաեւ Անկարայի քաղաքապետին «հայ» անուանելու պատճառը, որի համար էլ հէնց իր դէմ հայց է ներկայացուել: «Իւրաքանչիւր անգամ, երբ նա իր ձեռքն է վերցնում բարձրախօսը կամ ստեղնաշարի դիմաց նստում, իր քաղաքական հակառակորդներին, մրցակիցներին, ընտրութիւններում իր դէմ քուէարկողներին, լրագրողներին «մեղադրում է» հայ լինելու մէջ: Թէ ի՞նչ է նշանակում այս «մեղադրանքը»... Նա անընդհատ պատմում է, որ հայ լինելու պատճառով դաւաճանում են, կամ նրանք, ովքեր դաւաճանում են, ծագումով հայ են, կամ էլ՝ այս երկրում բոլոր վատ բաներն առնչւում են հայի հետ»,- ասել է Բաղդադը՝ յաւելելով. «Վերջին անգամ Գերմանիայի Կանաչների կուսակցութեան համանախագահ Ջեմ Օզդեմիրին Twitter-ում հարցրել էր՝ «դու ծագումով հա՞յ ես»: Ես էլ իր իսկ օգտագործած իմաստով իրեն հայ անուանեցի»:
Լրագրողը յայտնել է նաեւ, որ ինքը մինչ օրս մտածում է, որ Գեօքչէքը չակերտաւոր հայ է, իսկ ինքն էլ իր հերթին նրա դէմ 10 հազար լիրայ պահանջով հայց է ներկայացրել, որը ստանալու դէպքում ամբողջութեամբ նուիրելու է Ալի Իսմայիլ Քորքմազի անուան հիմնադրամին (Թուրքիայում Գեզի այգու ցոյցերի ժամանակ զոհուած 19-ամեայ երիտասարդ):
Նշենք, որ Անկարայի քաղաքապետը աչքի է ընկնում իր ոչ հարիր պահուածքով: Նա անգամ վիրաւորել էր ԱՄՆ պետդէպարտամենտի խօսնակ Մարի Հարֆին՝ նրան «ապուշ շիկահեր» անուանելով: