Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ադրբեջանական «Ապա» գործակալութիւնը յայտնում է, որ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնութեան ղեկավար Վահան Մարտիրոսեանն Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել: «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայութեան հաղորդմամբ, Մարտիրոսեանը եւ նրա կինն արդէն Ադրբջանում են. իշխանութիւնները նրանց ապաստան են տուել։
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, ադրբեջանական «Կանանց իրաւունքների պաշտպանութեան հասարակութիւն» ՀԿ ղեկավար, իրաւապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն յայտնել է, որ վրացի իր գործընկերները դիմել են իրեն եւ փոխանցել Մարտիրոսեանի դիմումը, որտեղ նշուել է իր նկատմամբ հալածանքների մասին։ Իրաւապաշտպանը հարցը ներկայացրել է Ադրբեջանի իշխանութիւններին, որոնք էլ ապաստան են տուել։
Ադրբեջանական աղբիւրները յաւելում են, որ Վահան Մարտիրոսեանը Հայաստանի պատկան մարմինների կողմից ճնշումների է ենթարկուել իր նախաձեռնութեան գործունէութեան պատճառով, իսկ Ադրբեջան իր փախուստը պատճառաբանել է ընտանիքին սպառնացող վտանգով:
Յիշեցնենք, որ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնութեան ղեկավարը ժամանակին գազի որակի փորձարկումներ էր նախաձեռնել եւ դրանից յետոյ կոչ էր անում չվճարել «Հայռուսգազարդ» ընկերութեանը սպառած գազի դիմաց, պատճառաբանելով, որ Հայաստան մատակարարուող գազը վատորակ էր:
Իսկ վերջերս ահազանգել էր ոստիկանութիւն եւ յայտարարել, թէ ինքն ու կինը ծեծի են ենթարկուել ԱԺ պատգամաւոր Մհեր Սեդրակեանի աշխատակիցների կողմից, ինչի հետեւանքով յղի կինը կորցրել էր երեխային: Ըստ մամուլի որոշ հրապարակումների, Մարտիրոսեանն իրաւապահների հետ որոշ խնդիրներ ունէր, քանի որ նրա ծանօթուհին դիմել էր ոստիկանութիւն՝ ակտիւիստին մեղադրելով իր տանից խոշոր գումար յափշտակելու համար։