Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրք-քրդական շարունակուող բախումները լուրջ վտանգ են դարձել ողջ տարածաշրջանի համար։ Անցած շաբաթ նման մի խոշորածաւալ յարձակման ձայներն անգամ լսուել էին Հայաստանի Արարատի մարզի գիւղերում։ Միաժամանակ՝ այդ բախումներում կրկին գլուխ է բարձրացնում հակահայկական մաղձը։ Ողջ շաբաթ Թուրքիայի ներկայիս հարաւ-արեւելեան հատուածում գտնուող Ջիզրէ քաղաքի շուրջ ծաւալուող ռազմական գործողութիւնների մասին տեղեկութիւնները միջազգային լրահոսում չէին պակասում։
Մինչեւ 1915 թուականը, Պոլսոյ Հայոց Պատրիարքութեան պաշտօնական տուեալներով, 4281 հայութիւն ունեցող Ջիզրէ՝ հայերէն Գզիրա քաղաքից Ցեղասպանութեան օրերին մեր հայրենակիցները տեղահանուեցին, շատերը նահատակուեցին Դեր Զորի անապատներում։
Գզիրա, ասել է թէ՝ «կղզի» անուանում ունեցող քաղաքում այս շաբաթ կրկնուեցին նոյն դէպքերը։ Դրանց հետ նմանութիւններն ու զուգահեռներն այնքան շատ էին, որ անգամ թուրքական խոշորագոյն թերթերից մէկը՝ «Ռադիկալը», մեծ յօդուած հրապարակեց Ջիզրէի հայկական պատմութեան մասին։ 100 տարում Թուրքիայում բան չի փոխուել։
Ոստիկանական ուժերով շրջափակուած Ջիզրէ քաղաքում շարունակւում են գնդակոծութիւնները, բախումներն ու ոստիկանութիւնը բարձրախօսով բնակիչներին այսպիսի խօսք է ուղղում՝ «Հայերը ձեզանով հպարտանում են։ Դուք բոլորդ հայ էք»։
Անցած շաբաթ համացանցում տարածուեց եւս մէկ ուշագրաւ տեսանիւթ. ազգութեամբ քուրդ սպանուած զինուորի յուղարկաւորութեան ժամանակ նրա հարազատներից մէկի խօսքերը տեսանիւթով տարածել էր նաեւ Էրդողանի ամենավստահելի թերթերից մէկը՝ «Սաբահը»։ Նա խօսում է «Քրդական աշխատաւորական կուսակցութեան» զինեալների մասին, որոնց յաճախ կոչում են PKK-ական։
«Բոլոր PKK-ականները հայ են։ Ես էլ եմ քուրդ, մուսուլման, բայց հայ չեմ։ Մի օր հայերի վերջը տալու ենք»,- ասում է նա։
Ու այսպէս Թուրքիայում «հայ» արտայայտութիւնը շարունակում է ծաւալուել, շարունակում է մնալ իբրեւ հայհոյանք։ Հայերի թեման շարունակւում է քննարկուել ոչ միայն շարքային ազգայնականների, այլեւ անգամ բարձրաստիճան պաշտօնեաների շրջանակում։
Այսպէս՝ օրերս էլ Թուրքիայի նախագահի խորհրդական Բուրհան Քուզուն «Թուիթթերի» իր էջում պահանջել է PKK-ի սպանուած մարտիկների դիակները քննել, քանի որ նրա ձեւակերպմամբ, «կը պարզուի, որ նրանցից շատերը թլպատուած չեն, այսինքն՝ մահմեդական չեն»:
Հակահայկական ալիքն այնքան ծաւալուեց, որ նոյնիսկ Պոլօս Հայոց Պատրիարքարանը հանդէս եկաւ դապատարտող ու սաստող յայտարարութեամբ։
Միաժամանակ, Թուրքիայում կրկին լուրջ վտանգի տակ են յայտնուել նաեւ հայկական յուշարձանները։ Օրերս վնասուեց հայկական սուրբ Կիրակոս եղեկեցին Դիարբեքիրում։ Հրապարակուած լուսանկարներում երեւում են եկեղեցու կոտրուած պատուհանները, ապակինները, իսկ պատին տեղադրուած ցուցատախտակի վրայ փամփուշտի հետքեր են նկատւում: Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները յայտնել են, որ եկեղեցին չի եղել յարձակումների թիրախ, այլ վնասուել է ոստիկանական ուժերի հետ բախումների հետեւանքով։ Սուրբ Կիրակոսը յայտնուել է պայթեցումների եւ կրակոցների տիրոյթում։ Այսօր եւս եկեղեցու շրջակայքում լարուած իրավիճակ է։
Իսկ անցած շաբաթուայ սկզբին Թուրքիայում առաջին անգամ նշուել է երկրի սեւ օրերից մէկի տարելիցը. 1955 թուականի սեպտեմբերի 5-7-ը լայնածաւալ հալածանքների էին ենթարկուել յոյն, ինչպէս նաեւ հայ համայնքները։ Այդ օրերին երկրի տարբեր հատուածներում յարձակումներ էին իրականացուել ու հրկիզումներ էին եղել։ Արդիւնքում՝ շատ շատերը ստիպուած արտագաղթել էին։
Իսկ շաբաթը մեր հարեւան երկրում աւարտուեց ֆաշիստական բռնապետութեան հերթական անգամ հաստատման տարելիցով. 1980 թուականի սեպտեմբերի 12-ին էր, որ Թուրքիայի Գլխաւոր շտաբի պետ, գեներալ Քէնան Էւրենի գլխաւորութեամբ իրականացուեց պետական յեղաշրջում՝ Թուրքիայի Հանրապետութեան պատմութեան մէջ սա թուով 3-րդն էր: Առաջինը տեղի էր ունեցել 1960 թուականին, միւսն էլ՝ 1971-ին: Այդ օրերին Թուրքիայի դաշնակից Միացեալ Նահանգներն ու արեւմտեան երկրները ողջունեցին զինուորականութեան գործողութիւնները՝ աչք փակելով երկրում իրականացուած բռնութիւնների վրայ։ Հազարաւոր մարդկանց՝ բանտարկութիւն, հարիւրաւորների՝ առանց դատավիճռների գնդակահարութիւն, որոնց թւում էին նաեւ ազգութեամբ բազմաթիւ հայեր: Այս ամէնը մինչեւ այժմ թուրք հասարակութեան յիշողութեան ողբերգական էջերն են։ Մինչեւ օրս էլ մարդիկ հարցնում են՝ ու՞ր են իրենց հարազատները, որոնք անհետ կորան թուրքական բանտերում: Հարցը, որը մինչ օրս այժմէական է Թուրքիայի տարածքում։