Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Մ.Ա.Կ.-ի Գլխաւոր վեհաժողովն ընդունել է դեկտեմբերի 9-ը Ցեղասպանութեան զոհերի յիշատակի միջազգային օր ճանաչելու եւ այդ յանցագործութիւնը կանխարգելելու վերաբերեալ Հայաստանի նախաձեռնած բանաձեւը:
Ցեղասպանութիւնների կանխարգելմանը եւ դատապարտմանը լծուած միջազգային հեղինակաւոր «Պաշտպանելու պատասխանատուութեան գլոբալ կենտրոնը» հանդէս է եկել յայտարարութեամբ՝ ողջունելով Հայաստանի առաջնորդութիւնը եւ Գլխաւոր վեհաժողովում ոտ 80 երկրների աջակցութեամբ այս բանաձեւն ընդունելու ջանքերը:
Սեպտեմբերի 11-ին ընդունուած բանաձեւը վերահաստատում է 1948թ. Ցեղասպանութեան կանխարգելման եւ պատժի վերաբերեալ բանաձեւում ներառուած երկրների պարտաւորուածութիւնը՝ յիշատակելու ցեղասպանութիւնների զոհերին` ապագայում այս յանցագործութեան կրկնութիւնը կանխարգելելու նպատակով:
Մ.Ա.Կ.-ում Հ.Հ.-ի Մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականեանը Գլխաւոր վեհաժողովում ունեցած իր ելոյթում, մասնաւորապէս, ասել է. «Հպարտութեամբ, պատուի եւ պարտաւորուածութեան զգացումով է, որ Հայաստանը ներկայացնում է այս բանաձեւի նախագիծը: Այս բանաձեւը յաջորդում է Հայաստանի կողմից նախաձեռնուած եւ Մարդու իրաւունքների խորհրդում այս տարուայ մարտ ամսին ընդունուած մէկ այլ փաստաթղթի, որի 22-րդ կէտը կոչ էր արել Գլխաւոր Վեհաժողովին հռչակել այսպիսի (յիշատակի) Միջազգային օր»: