Աղբիւր՝ www.alikonline.ir
«France 24»-ը յայտնում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պարգեւատրել է Բիւսէլ-Փարիզ գնացքի յարձակումը կանխած հերոսներին:
Ֆրանսիայի բարձրագոյն պարգեւն է շնորհւել մի խումբ ամերիկացիների եւ մի անգլիացու, ովքեր ուրբաթ օրը կանխել էին 25-ամեայ զինւած մարրոկացու յարձակումը գնացքի վրայ:
Ելիսէեան պալատում Պատւոյ լեգէոնի շքանշանները յանձնելիս, Օլանդն ասել է, թէ աշխարհը «հիացած է նրանց խիզախութիւնից ու ինքնատիրապետումից»:
Պարգեւատրւածների թւում են ամերիկացիներ Ալէք Սքառլատոսը, Սփենսեր Սթոունը, Էնթոնի Սադլերը, 62-ամեայ անգլիացի Քրիս Նորմանը:
Օլանդը նկատել է, որ մարրոկացի Խազանը բաւականաչափ զինամթերք է ունեցել իսկական սպանդ կազմակերպելու համար, սակայն այս մարդիկ իրենց կեանքի գնով կանխել են դա:
Յայտնի է, որ պարգեւատրւելու է նաեւ 51-ամեայ պրոֆեսոր Մարկ Մուղալեանը, որը վիրաւորւել էր ահաբեկչի հետ պայքարի ժամանակ եւ այժմ ապաքինւում է հիւանդանոցում: Մուղալեանին աղբիւրը ներկայացնում է իբրեւ ֆրանս-ամերիկացի: Ըստ ԶԼՄ-ների՝ հէնց Մուղալեանն է, որ ահաբեկչի ձեռքից խլել է նրա «Կալաշնիկովը»:
Պարգեւատրւելու են նաեւ գնացքի կոնդուկտոր Միշէլ Բրիւէն, ով ահազանգել էր իշխանութիւններին, ֆրանսիացի ուղեւորը, որը եւս պայքարի մէջ է մտել, սակայն ցանկացել է անյայտ մնալ եւ Էրիկ Տանտի անունով գնացքի վարորդը:
Պատւոյ Լեգէոնի շքանշանը բարձրագոյն ֆրանսիական պարգեւն է, որ շնորհւում է օտարերկրացիներին: