Աղբիւր՝ www.hyeli.com

 

Թւում է՝ անկարեւոր հարց է. բայց դա միայն թւում է:

Բոլորը գիտեն, որ Թուրքիայի համար իրակա՛ն գլխացաւանքը հայկական սփիւռքն է: Ու դա միայն Թուրքիայի համար չէ, որ այդպէս է. Ռուսաստանի համար էլ հայկական սփիւռքն է իրական գլխացաւանքը. այն խոչընդոտում է, որպէսզի Հայաստանը լիովին կլանւի:

Ի տարբերութիւն Թուրքիայի եւ Ռուսաստանի՝ Արեւմուտքում մարդու իրաւունքների պաշտպանութեան (իրաւական) գործո՛ղ երաշխիքներ ու մեխանիզմներ կան: Հէնց սրա՛ համար ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում բնակւող հայերը քաղաքական ուժ կարողացան դառնալ, իսկ Թուրքիայում ու յատկապէս Ռուսաստանում բնակւող (ու թւով աւելի մեծաքանակ) հայերը՝ ոչ:

Հայկական սփիւռքը հսկել-կառավարելու Թուրքիայի ջանքերն ապարդիւն անցան. ինչքան էլ որ թուրքական կառավարութիւնը սփիւռքահայերին փորձեց ներկայացնել որպէս «Օսմանեան կայսրութեան կամ Թուրքիայի ժառանգորդներ»:

Հայկական սփիւռքը հսկել-կառավարելու Ռուսաստա՛նի ջանքերն էլ ապարդիւն անցան. ինչքան էլ որ Ռուսաստանի կառավարութիւնը ջանքեր գործադրեց սփիւռքահայ կազմակերպութիւնները «իրենով անել»՝ ռուսաստանակենտրոն «Համաշխարհային հայկական կոնգրես» ստեղծել փորձելով՝ ռուսահայ  գործիչ Արա Աբրահամեանի գլխաւորութեամբ: Բարեբախտաբար սփիւռքահայերն այս ծուղակն էլ չընկան:

Հերթը, կարծես, հասաւ հայկական ազգանուններին. կամ աւելի ճիշտ՝ այն գրելու ձեւին: Սովետահայ շրջանում այբուբենը փոխելն էլ թերեւս նոյնի տեսակից էր:

Նախքան ՀՀ անձնագրեր բաժանելը՝ սփիւռքահայերն արդէն դարերո՛վ իրենց ազգանունները գրում էին «ian»-ով: Բայց՝ անհասկանալիօրէն՝ ՀՀ անձնագրերում յայտնւեց «yan» տարբերակը:  Ու՞մ հրահանգով. եւ ու՞մ էր սա ձեռնտու:

Հայկական ազգանունները «yan»-ով գրելը, նախ, ճիշտ չէ. այսպէս պիտի գրել միայն ձայնաւորից յետոյ: Այսինքն՝ Adamian, բայց՝ Saroyan: «yan»-ով գրելու դէպքում (անգլերէնում) այն կարդացւում է «այեան». այսինքն՝ «Ադամա՛յեան», եւ ոչ «Ադամեան»:

Յետոյ՝ եթէ նոյնիսկ «yan»-ով գրելը ճիշտ կամ աւելի ճիշտ լինէր, մի՞թէ դա անելը հեռատես ու քաղաքականապէ՛ս ճիշտ է(ր):

Փաստօրէն՝ հիմա (ազգանունը գրելու ձեւից) պարզ երեւում է, թէ ով է սփիւռքահայ, եւ ով՝  հայաստանցի: Ի՞նչ նպատակով: Սա ազգը բաժանել-վերահսկելու նո՞ր միջոց  է:

Կամ, ենթադրենք, Adamian ազգանունով սփիւռքահայը նաեւ ՀՀ քաղաքացի է ցանկանում դառնալ: ՀՀ անձնագրում Adamya՞n պիտի գրւի: Իսկ իր Հայաստանում ծնւած-մեծացած երեխաների՞նը:

Միւս տարօրինակ ու անյարգալից երեւոյթը հայկական հայրանուններն օգտագործելու ձեւն է, թէեւ սա այլ թեմա է: Օտարահպատակութիւն չէ՞  հային ռուսական «իչ» հայրանւան վերջածանցով դիմելը: Իսկ ի՞նչու չասել Հայկ Գուրգէնի՝ Հայկ Գուրգենիչի փոխարէն: Եթէ մէկը դիմացինին ասէր Հայկ Գուրգենօղլու, աշխարհը փոքր կլինէր: Ռուսը թուրքից աւե՞լի լաւ  է: