Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Օգոստոսի 13-ին կէսգիշերին մօտ յարձակում է եղել Ստամբուլի «Քեմփ Արմէն» հայկական որբանոցի շէնքի քանդման դէմ պայքարող մարդկանց վրայ: Այս մասին թուիթերի իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլեանը:
Նրա ձեւակերպմամբ, 8 «ֆաշիստ» յարձակուել է Քեմփ Արմէնի վրայ, կան վիրաւորներ: Պայքարը նախաձեռնած խմբի անդամների փոխանցմամբ, կանխամտածուած յարձակման ժամանակ փայտերով ծեծի են ենթարկել պայքարի 2 մասնակիցների:
«Ցեղասպան մտածողութեամբ այդ յարձակումը չի կարող կոտրել մեր դիմադրութիւնը եւ մենք հանրութեանը տեղեկացնում ենք, որ նոյն վճռակամութեամբ շարունակելու ենք մեր պայքարը»,- նշում են նախաձեռնող խմբի անդամները:
Յարձակումը տեղի է ունեցել պայքարի 100-րդ օրը: Արդէն 100 օր բազմաթիւ մարդիկ, նրանց թւում` պատգամաւորներ, գիտնականներ, արուեստագէտներ եւ լրագրողներ, փողոց են դուրս եկել` պահանջելով չքանդել «Քամփ Արմէն» հայկական որբանոցի շէնքը եւ այն վերադարձնել հայերին:
1960-ական թուականներին հիմնադրուած որբանոցն ապօրինաբար խլել են հայկական հիմնադրամի ձեռքից: Նոր սեփականատէրը մասամբ քանդել է շէնքը՝ դրա տեղում էլիտար տներ կառուցելու նպատակով: Հասարակական ճնշման արդիւնքում շինարարական աշխատանքները ժամանակաւորապէս դադարեցուել են: