Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայի խորհրդարանի` ազգութեամբ հայ պատգամաւոր Կարօ Փայլանը բողոքի հայց կը ներկայացնի վերջերս հայատեաց յայտարարութիւններով եւ սպառնալիքներով հանդէս եկած` «Ազգային շարժում» կուսակցութեան` Կարսի ղեկավարներից Թոլգա Ադըգիւզելի դէմ:

Մէջլիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Փայլանն անդրադարձել է վերջին շրջանում հայերի, միասեռականների  եւ կորէացիների նկատմամբ (թուրքերը յարձակուել էին կորէացիների վրայ` կարծելով՝ չինացի են) ատելութեան դրսեւորումներին: Նշելով, որ մինչ օրս նման յայտարարութիւնների համար պատասխանատուութեան ենթարկելու ուղղութեամբ գլխաւոր դատախազութիւնը ոչինչ չի ձեռնարկել, հայ պատգամաւորն ասել է, որ անպատիժ մնացած` ատելութիւն պարունակող իւրաքանչիւր յայտարարութիւն հող է նախապատրաստում ոճիրների համար:

Փայլանը յայտնել է, որ Մէջլիսի նախագահութեան ուշադրութեանն է ներկայացնելու չորս դէպք, որոնց հիման վրայ պահանջելու է ատելութիւն պարունակող յայտարարութիւնների համար աւելի ծանր պատժամիջոցներ:

Նա այնուհետեւ թուել է այդ չորս դէպքը:

* Տիգրան Համասեանի՝ Արեւմտեան Հայաստանում համերգների պատճառով Կարսի ազգայնամոլ ղեկավարներից Թոլեայ Ադըգիւզելը սպառնացել էր «հայի որս սկսել Կարսում»:

* Ադանայի քաղաքապետ Հիւսեյին Սոզլուն իր Twitter-յան էջում ռասայական գրառում էր արել խորհրդարան անցած երեք հայ պատգամաւորների հասցէին, սակայն մեծ աղմուկ բարձրանալուց յետոյ ստիպուած էր եղել հեռացնել գրառումը:

* Զբօսաշրջիկների վրայ յարձակումներ. ազգայնամոլների` Կ. Պոլսից ղեկավարը վերջերս երթ էր կազմակերպել՝  «Արեւելեան Թուրքեստան»-ի մուսուլմաններին աջակցելու համար: Սուլթանահմեդ հրապարակում մամուլի ասուլիս տալիս մի խումբ երիտասարդներ վազել էին Թօփքափըի պալատ եւ յարձակուել կ'որէացի զբօսաշրջիկների վրայ՝ նրանց չինացու տեղ դնելով:

* Միասեռականների դէմ սպառնալիքները:

Կորէացիների վրայ տեղի ունեցած յարձակումից յետոյ «Ազգային շարժում» կուսակցութեան ղեկավար Դեւլիեթ Բահչելին հարցազրոյց էր տուել՝ արդարացնելով զբօսաշրջիկների վրայ յարձակուած երիտասարդների արարքը: Նա նշել էր, որ երկու ազգերն էլ ունեն միանման աչքեր, ինչպէ՞ս տարբերել նրանց: Այն բանից յետոյ, երբ Բահչելիի խօսքերը մեծ արձագանք գտան, լրագրող Ահմեդ Հաքանը նշել էր, որ նա գուցէ կատակել է: Ի պատասխան  Բահչելիին՝ Փայլանն ասել է. «Եթէ կատակել էք, ապա ընդհանրապէս ծիծաղելի չէ»:

Կրկնելով, որ ատելութիւն պարունակող յայտարարութիւնները ոճրագործութիւնների պատճառ են դառնում, հայ պատգամաւորը յիշեցրել է այդ հողի վրայ իրագործուած սպանութիւնները, այդ թւում` Հրանտ Դինքի դաւադիր սպանութիւնը:

«Կոչ եմ անում հանրապետութեան գլխաւոր դատախազութեանը՝ սկսել այդ ուղղութեամբ միջոցներ ձեռնարկել»,- նշել է նա:

Յիշեցնենք, որ Կարսում հայատեաց ղեկավարի յայտարութիւններից յետոյ Կարս այցելել պատրաստուողները չեղարկել էին իրենց հիւրանոցային վարձակալութիւնները: