Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն»-ը (ՄԻՄ) Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն ճամբար»-ը հայ համայնքին վերադարձնելու նպատակով Եվրախորհրդի Մարդու իրավունքների կոմիսարին ու Եվրախորհրդարանի Թուրքիայի մասին զեկույցի հեղինակին մեկական նամակ է ուղարկել:  Թուրքական կազմակերպության անդամները ՄԻՄ-ի Ստամբուլի գրասենյակում  հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշել են, որ Թուրքիան, չվերադարձնելով հայ որբերի բռնագրավված ճամբարը, խախտում է Եվրամիության (ԵՄ) սկզբունքները` հակառակ այն հանգամանքին, որ ցանկանում է այդ կազմակերպության անդամ դառնալ:

Թուրքական «Radikal» թերթի կայքի հաղորդմամբ` փաստաբան Էրեն Քեսքինը նշել է, որ Թուրքիան պնդում է, թե ԵՄ անդամակցության համար պահանջվող բարեփոխումների շրջանակներում փոփոխություններ է կատարել նաև հիմնադրամներից բռնագրավված գույքերի մասին օրենքում, սակայն դա չի վերաբերում այն գույքերին, որոնք այժմ գտնվում են 3-րդ մարդկանց ձեռքում: Քեսքինի խոսքով պետության հաշվեկշռում գտնվող գույքերն էլ վերադարձվել էն հազիվ 10 տոկոսի չափով:

«Մենք, կազմակերպությունն իր պարտականությունն է համարում Արմեն ճամբարը հայ համայնքին վերադարձնելու համար բազմապիսի նախաձեռնություններ իրականացնել ու դիմել հնարավոր բոլոր միջազգային կառույցներին»,- նշել է թուրք փաստաբանը:   

Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող, երեկ լքված, այսօր արդեն կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք ունեցող «Քամփ Արմեն»-ը 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է  որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Սակայն հետագայում ապօրինաբար խլվել է հայկական հիմնադրամի ձեռքից: Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը: