Աղբիւր՝ www.tert.am

 

Գաղտնիք չէ, որ Իրաքի եւ Սիրիայի տարածքում ահաբեկչական գործունէութիւն ծաւալող «Իսլամական պետութիւն» խմբաւորման գրոհայինները «խաչակրաց արշաւանք» են սկսել իսլամի հետ կապ չունեցող տարբեր ազգերի, մասնաւորապէս՝ քրիստոնեաների մշակոյթների դէմ` միտումնաւոր ոչնչացնելով հնագոյն պատմութիւն ունեցող քաղաքներ, յուշարձաններ, եկեղեցիներ ու գրաւոր արձանագրութիւններ:

Սակայն իրաքցի վանական Նաջիբ Միքայէլը, սեփական կեանքը վտանգելով, իսլամիստների կործանարար ձեռքից փրկել է մի քանի հարիւր հնագոյն ձեռագիր, որոնք Իրաքի 2.000-ամեայ քրիստոնէական ժառանգութեան մի մասն են:

Ինչպէս նշում է dailystar.com.lb-ն, ընդհանուր առմամբ, վանականը ոչնչացումից փրկել է 13-19-րդ դարերին թուագրուող 6 արկղ ձեռագիր: Յայտնի է, որ իրենցից մեծ արժէք ներկայացնող   փաստաթղթերն իրաքեան Մոսուլ քաղաքից տեղափոխուել են Իրաքեան Քուրդիստան` Քարաքօշ քաղաք:

Հետաքրքրական է, որ Միքայէլի ջանքերով փրկուած հաւաքածուում կան պատմական ու փիլիսոփայական տեքստեր, քրիստոնէութեանն ու իսլամին առնչուող փաստաթղթեր, ինչպէս նաեւ՝ հայերէնով, արամեյերենով ու արաբերէնով գրուած ձեռագրեր:

Վանականի պատմելով, երբ իսլամիստները գրաւել են Մոսուլը, իրենք որոշել են հաւաքել արժէքաւոր ձեռագրերն ու մեքենայով փախչել Քարաքօշ: Սակայն Իրաքի ու Քուրդիստանի սահմանին գրոհայինները թոյլ չեն տուել, որ վանականի մեքենան անցնի: Ուստի՝ նա գաղտնի սկսել է հանել ձեռագրերը ու ծածուկ կերպով փոխանցել դրանք ոտքով գնացողներին: Արդիւնքում՝ բոլոր ձեռագրերն անվնաս հասել են Իրաքեան Քուրդիստան եւ այժմ պահւում են Էրբիլի գրադարանում: