Աղբիւր՝ www.yerkir.am
BBC-ն անդրադարձել է պաշտօնական Բաքուի կողմից Յաղթանակի 70-ամեակի շքերթի լուսանկարներից Հայաստանի դրօշը «ջնջելուն»:
«Կարմիր հրապարակում Յաղթանակի 70-ամեակի կապակցութեամբ կայացած շքերթին մասնակցել են շատ երկրների զինուած ուժերի ներկայացուցիչներ: Եւ քանի որ նրանց ելքը կազմակերպուել էր այբբենական կարգով, Հայաստանի զինուորականները հրապարակ դուրս եկան Ադրբեջանի զինուորականներից անմիջապէս յետոյ: Սակայն Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան պաշտօնական կայքում տեղադրուած լուսանկարներում անբացատրելի կերպով անհետացել է Հայաստանի դրօշը, որ պարզ տեսանելի էր ուղիղ եթերով»,- գրում է BBC-ն՝ միաժամանակ յայտնելով, որ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնում այդ փաստը հրաժարւում են մեկնաբանել:
«Դա ակնյայտ ֆօտոշոփ է, որի վրայ մեծ աշխատանք է կատարուել: Եթէ դուք ուշադրութիւն դարձնէք, ապա նոյնիսկ նկարների ֆօնը փոփոխութեան է ենթարկուել, օրինակ՝ ետին պլանի շէնքի ճարտարապետական տեսքն է փոխուել»,- BBC-ին ասել է ադրբեջանցի ռազմական փորձագէտ Ուզէյր Ջաֆարովը:
Ադրբեջանցի փորձագէտի կարծիքով այն, որ երկու երկրների զինուորականները կողք-կողքի են լինելու շքերթի ժամանակ, անակնկալ է եղել, քանի որ փորձերում դասաւորութիւնը այլ է եղել «Այդուհանդերձ դա չի արդարացնում լուսանկարի փոփոխութիւնը: Չէ՞ որ այդ լուսանկարը հրապարակել է ոչ միայն նախարարութիւնը»,- ասել է փորձագէտը:
BBC-ն նաեւ նշում է, որ լուսանկարի «ֆօտոշոփի» հարցն ակտիւօրէն քննարկւում է սոցցանցերի ադրբեջանական տիրոյթում: