Աղբիւր՝ www.yerkir.am

 

Մայիսի 9-ին, Կ. Պոլսում հրատարակուող «Ակօս» պարբերականը Մայրերի օրուայ կապակցութեամբ յօդուած է հրապարակել:

«Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս մայիսի երկրորդ կիրակի օրը նշւում է Մայրերի տօնը: Ինչպէս այսօր, այնպէս էլ Հայոց ցեղասպանութեան տարիներին ամենածանր բեռը մայրերի ուսերին էր: Այդ վիշտը երեւում էր նաեւ նրանց երգերում»,- գրում է թերթը:

Մայրերի օրուայ կապակցութեամբ «Ակօս»-ը մասնաւորապէս յիշել է Հայոց ցեղասպանութիւնը վերապրած հայ մայրերին, որոնց բաժին է է հասել այդ ողբերգութեան ամենամեծ բեռն ու ամենածանր վիշտը: Թէեւ իրենց տունն ու երեխաներին պաշտպանելու համար բազմատեսակ բռութիւնների են ենթարկուել, սակայն հայ մայրերը կարողացել են իրենց ընտանիքները պաշտպանել՝ շատ յաճախ բաւարարուելով միայն իրենց կորուստների յիշողութիւններով…

Թերթը նշում է, որ «Վերժինէ Սւազլեան» հիմնադրամի կողմից գրանցուած երգերի ու ողբերի մէջ կան թէ’ հայերէն, թէ’ թուրքերէն ստեղծագործութիւններ: Թուրքերէն տարբերակներից ամենայայտնին «Urfa’nın Etrafı Dumanlı Dağlar»  («Ուրֆայի շուրջը՝ մշուշոտ լեռներ») երգն է, որը 1985 թուականին Յակոբ Գիւրջեանի աջակցութեամբ է գրառուել:

Ուշագրաւն այն է, որ «Ակօս»-ի ներկայացրած տարբերակում յիշատակւում է «հայ» բառը, սակայն թուրքերէն տարբերակը խեղաթիւրուած է` այդ բառը չկայ:

«Ակօս»-ի ներկայացրած տարբերակում ասւում է.

«Ուրֆայի շուրջը՝  մշուշոտ լեռներ,

Հայն այրւում է, աչքերը լացում..

Մի հել, եղնիկ, այդ լեռների վրայ,

Կ'որսան քեզ՝ կը բաժանեն քեզ քո հօրն ու մօրից»:

Թուրքիայում յայտնի դարձած տարբերակում, սակայն, երգն այսպէս է.

«Ուրֆայի շուրջը՝  մշուշոտ լեռներ,

Ջիգեարս (ներսս) այրւում է, աչքերը լացում..

Մի հել, եղնիկ, այդ լեռների վրայ,

Կ'որսան քեզ՝ կը բաժանեն քեզ քո հօրն ու մօրից»:

Որդեկորոյս մայրերի միւս յայտնի երգերն են նաեւ «Ben Yavrumu Özlerim» («Կը կարօտեմ բալիկիս»), «Ah keşke doğmayaydım, yavrumun anası olmayaydım» («Ախ երանի չծնուէի, ձագիս մայրը չդառնայի»):

Ի դէպ, նշենք, որ «Ուրֆայի շուրջը՝  մշուշոտ լեռներ» երգը Թուրքիայում շատ յայտնի է: Այն երգում են թուրք եւ քուրդ երգիչները թուրքական յայտնի՝ «չի քեօֆթէ» (հում քուֆթայ) շաղելիս:

Պատրաստեց Արազ Գայմագամեանը