Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանին մեղադրել է Միջին Արեւելքի գլխաւոր դերակատար երկիրը դառնալու փորձերի մէջ եւ ասել, թէ Իրանի գործադրած ջանքերն այդ ուղղութեամբ սկսել են նեարդայնացնել Անկարային, ինչպէս նաեւ Սաուդեան Արաբիային եւ Պարսից ծոցի արաբական երկրներին:

Աւելի վաղ Թուրքիան յայտարարել էր, որ կողմ է Սաուդեան Արաբիայի գլխաւորած ռազմական գործողութիւններին Եմենում՝ շիա ապստամբների «Հութի» կոչուող շարժման դէմ, իսկ Հութիի աշխարհազօրայիններին եւ նրանց «օտարերկրեայ աջակիցներին» կոչ արել դադարեցնել տարածաշրջանի խաղաղութեանն ու անվտանգութեանը սպառնացող գործողութիւնները:

Սաուդեան Արաբիայից եւ դաշնակից արաբական այլ երկրներից վեր բարձրացած մարտական օդանաւերը հարուածել են «Հութիի»՝ Եմենում գտնուող դիրքերին:

«Հութի» շարժման ուժերն իրենց վերահսկողութեան տակ են վերցրել Եմենի մեծ մասը՝ նախագահ Աբդ-Ռաբբու Մանսուր Հադիին փախուստի մատնելով: Ինչ վերաբերում է Էրդողանի դժգոհութեանը. «Իրանը պէտք է փոխի իր վարքը: Նա պէտք է Եմենից, ինչպէս նաեւ Սիրիայից եւ Իրաքից դուրս բերի իր բոլոր ուժերը եւ յարգի այդ երկրի տարածքային ամբողջականութիւնը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Թուրքական մամուլը յայտնում է, որ Իրան այց կատարելու՝ Էրդողանի ծրագրերը չեն փոխուել, սակայն յստակ ժամկէտ դեռեւս չի հրապարակւում: