Աղբիւր՝ www.yerkirmedia.am
2010-ից մինչեւ 2014 թուականը Հայաստանի ներկրած զէնքի ծաւալը կազմում է Ադրբեջանի նոյն ցուցանիշի ընդամենը 4 տոկոսը: Սա՝ ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղութեան ինստիտուտի նոր զեկոյցի, որում Արցախի վերաբերեալ այսպիսի դիտարկում կայ. «Լեռնային Ղարաբաղի փաստացի զինուժը զգալի է, սակայն պարզ չէ, թէ ե՞րբ եւ որտեղի՞ց է զէնք ձեռք բերել: Ամէն դէպքում, խիստ հաւանական է, որ առնուազն որոշ զինատեսակներ Հայաստանն է տրամադրել»:
2005-ից մինչեւ 2009 թուականները, ինչպէս նաեւ 2010-ից 2014 թուականները Բաքուի սպառազինութիւնների ներկրման ծաւալներն աճել են 249 տոկոսով: Զէնքի ներկրման ծաւալներով Ադրբեջանը Եւրոպական երկրների շարքում երկրորդ տեղն է զբաղեցնում. առաջատարը Մեծ Բրիտանիան է: Բաքուն իր զէնքի 85 տոկոսը ներկրել է Ռուսաստանից:
Եթէ Եւրոպա մայրցամաքում առհասարակ զէնքի ներկրման անկում է նկատուել, ապա Ասիայում՝ հակառակը: 2010-ից 2014 թուականներին ամենաշատը զէնք ներկրած երկրների տասնեակում 5 պետութիւն կայ Ասիայից՝ Հնդկաստան, Չինաստան, Պակիստան, Հարաւային Կորէա եւ Սինգապուր:
Ի դէպ, Չինաստանի անունը նշուած է նաեւ զէնք արտահանող՝ աշխարհի ամենամեծ պետութիւնների ցանկում, որում այն երրորդն է՝ Միացեալ նահանգներից եւ Ռուսաստանից յետոյ: Աշխարհի զէնքի արտահանման 5 տոկոսը Պեկինին է բաժին ընկնում, մինչդեռ Միացեալ Նահանգները տնօրինում է համաշխարհային վաճառքի 31, Ռուսաստանը՝ 27 տոկոսը: