Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ա.Մ.Ն.-ի Սենատի անդամ Գերի Պետերսը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Քեթրին Քլարքը, Ջիմ Քոստան, Ռոբերտ Դոլդը, Ֆրենք Փալոնը, Ադամ Շիֆն ու Բրեդ Շերմանը անդրադարձել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիային եւ ոգեկոչել Սումգայիթում, Բաքւում եւ Կիրովաբադում 1988-1990 թուականներին հայերի դէմ տեղի ունեցած ջարդերի հետեւանքով անմեղ զոհերի յիշատակը. տեղեկացնում է Asbarez-ը:

Սենատոր Պետերսն իր ելոյթն սկսել է` 27 տարի առաջ Սումգայիթեան ջարդերի ընթացքում սպանուած հայերին յիշատակը յարգելով: «Ժողովրդավարութեան սկզբունքների իրական յետնորդները պէտք է յարգեն փոքրամասնութիւնների իրաւունքները, տրամադրեն ազատ խօսքի իրաւունքն ու պաշտպանեն դա: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու անիմաստ կոտորածը վճռական դեր են խաղացել ժողովրդավարական շարժման խթանմանն ու աջակցել վերջ տալ Խորհրդային միութեանը»,- ասել է նա:

Յիշեցնելով Ադրբեջանի կողմից խոցուած ուղղաթիռի եւ զոհուած երեք օդաչուների մասին` Քլարքը կոչ է արել իր գործընկերներին` կանգնել Արցախի հպարտ ժողովրդի կողքին այս ողբերգական իրադարձութիւնների տարելիցին:

Բացի այդ` ամերիկացի կոնգրէսականները կոչ են արել Ա.Մ.Ն.-ի նախագահին` դադարեցնել Ադրբեջանին օգնութեան տրամադրումը` նշելով, որ տուեալ երկիրը շարունակում է շրջափակման մէջ պահել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը:

Ա.Մ.Ն.-ի Հայ դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը ամերիկահայութեան անունից շնորհակալական խօսք է ուղղել Ա.Մ.Ն. կոնգրէսականներին նման քայլ կատարելու համար: