Աղբիւր՝ www.tert.am

 

Թուրքիայի զինուժը վերահսկողութեան տակ է վերցրել Սիրիայի տարածքից մի մաս՝ Սուլեյման շահի դամբարանը տեղափոխելու համար:

Ինչպէս տեղեկացնում է РИА Новости  գործակալութիւնը, այդ մասին ասուած է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յայտարարութեան մէջ:

«Մինչ սիրիական դրօշը կ'իջեցուէր (դամբարանի նախկին շէնքի վրայից), այն արդէն ծածանւում էր Սիրիայի մէկ այլ վայրում»,- յայտարարել է Էրդողանը:

Հաղորդւում է, որ խօսքը թուրք-սիրիական սահմանից 200 մետր հեռաւորութեամբ գտնուող տարածքի մասին է:

Յիշեցնենք, որ գիշերը թուրքական զինուորականները մուտք էին գործել սիրիական տարածք՝ Քոբանիի մօտակայքում եւ շարժուել էին այդ վայրից 30 կմ հեռաւորութեամբ գտնուող Սուլեյման շահի դամբարանի կողմ:

Նրա աճիւնի մնացորդները տարհանելու գործողութեանը մասնակցել է 700 թուրք զինուոր: Գործել է 100 միաւոր ռազմական տեխնիկայ՝ այդ թւում 39 տանկ: Տարհանման գործողութեան ընթացքում զոհուել է մէկ զինուոր:

1921 թուականին Անկարայի պայմանագրով այդ դամբարանը համարւում էր թուրքական անկլաւ՝ Սիրիայի տարածքում, որը պահպանում են թուրքական մի քանի զինծառայողներ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը բազմիցս յայտարարել էր, որ երկիրը պատրաստ է պաշտպանել դամբարանը՝  զինեալների հնարաւոր յարձակման դէպքում: