Աղբիւր՝ www.yerkir.am
«Չանաքքալէի 100-ամեակի կապակցութեամբ նախագահ Էրդողանի՝ Հ.Հ.-ի նախագահ Սերժ Սարգսեանին ուղղուած հրաւէրից, Սարգսեանի «անամօթ» պատասխանից, նոյն կապակցութեամբ Ա.Գ.-ի նախարարութեան յատուկ օրացոյցում «Ցեղասպանութեան յուշահամալիրի» լուսանկարի` «սխալմամբ» յայտնուելուց յետոյ, մէկ այլ սկանդալ է գրանցուել՝ արգելուել է թուրք ժողովրդի մասնակցութիւնը Չանաքքալէի 100-ամեակի միջոցառումներին»,- գրում է թուրքական «Odatv»-ին:
Ըստ կայքի՝ Չանաքքալէի նահանգապետարանը յայտարարութիւն է տարածել, ըստ որի` մարտի 18-ին, ապրիլի 24-ին եւ 25-ին քաղաքացիների մուտքը Չանաքքալէի ճակատամարտին նուիրուած յուշահամալիր արգելուելու է: Յայտարարութեան մէջ նշուել է նաեւ, թէ այդ օրերին Չանաքքալէ են այցելելու օտարերկրեայ բարձրաստիճան պաշտօնեաներ եւ պատուիրակութիւններ:
«Այն դէպքում, երբ անգամ Սարգսեանին են հրաւիրել, թուրքերի մուտքն են արգելում»,- գրել է կայքը:
Այս որոշումը մեծ արձագանք է գտել եւ բողոքի ալիք բարձրացրել Թուրքիայում: Թուրքերն իրենց դժգոհութիւնն են յայտնել` ասելով, թէ «սա ժողովրդական յաղթանակի տօն է, այն ինչպէ՞ս կարելի է առանց ժողովրդի նշել»:
Ի դէպ, ուշագրաւ է նաեւ այն, որ ժողովրդի մուտքը Չանաքքալէ կարգելուի նաեւ մարտի 18-ին: Հարց է առաջանում՝ եթէ իսկապէս Չանաքքալէի ճակատամարտը, ինչպէս պնդում է Էրդողանը, տեղի է ունեցել ապրիլի 24-ին, ինչու՞ են արգելում ժողովրդի մուտքը նաեւ մարտի 18-ին: