Յունւարի 11-ին Ֆրանսիայում հազարաւոր մարդիկ դուրս եկան փողոցներ` ի նշան ազգային միասնութեան: Երթին մասնակցելու նպատակով Փարիզ էին ժամանել շուրջ 50 պետութիւնների, կառավարութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների ղեկավարներ ու արտգործնախարարներ:
Միջազգային հանրութեան միասնութիւնը խորհրդանշող այս երթին մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետութեան արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը:
Երթից առաջ Էլիզէ պալատում պատւիրակութիւնների ղեկավարներին ընդունել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: ՀՀ ԱԳՆ Էդւարդ Նալբանդեանը Ֆրանսիայի նախագահին փոխանցելով ՀՀ Նախագահի ցաւակցութիւնները, հայ ժողովրդի զօրակցութիւնն ու համերաշխութիւնն է յայտնել բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին եւ իշխանութիւններին:
Երթին մասնակցել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դաւութօղլուն, որի ուղղութեամբ բողոքի ալիք են բարձրացրել Ֆրանսիայի հայկական կառոյցներն ու կազմակերպութիւնները:
Ըստ “Ալ Ալամ”-ի հաղորդման, հայկական կազմակերպութիւնները մի հաղորդագրութիւն հրապարակելով եւ ակնարկելով վերջին օրերին Ֆրանսիայում ոճրագործութիւն իրականացրած ահաբեկչական խմբերի հանդէպ Թուրքիայի ցուցաբերած հովանաւորութեանն ընդգծել են, թէ ահաբեկիչների հանդէպ Թուրքիայի ցուցաբերած պաշտպանութիւնը թաքուն չէ որեւէ մէկի համար:
Յիշեցնենք, որ Փարիզում տեղի ունեցած մի քանի ահաբեկչական գործողութիւնների հետեւանքով յունւարի 7-ից մինչ այսօր 17 մարդ է զոհւել: