Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Արեւմտահայաստանի Մուշ քաղաքում «Ժողովուրդների դեմոկրատական»  կուսակցութեան ստեղծած յանձնաժողովը «Քաղաքային փոխակերպում» անունով ուսումնասիրութիւն է կատարում հայկական պատմական թաղամասում, որտեղ վերջին շրջանում հայկական տներ էին աւրուել: 

Յանձնաժողովի անդամներն այցելել են Մշոյ հայկական թաղամասը, որն անցեալում կոչուել է «Ամրոց», ուսումնասիրել են հայկական տների, եկեղեցու, այլ շինութիւնների վիճակը: Աշխատանքներից յետոյ յանձնաժողովի անդամները կոչ են ուղղել` պահպանել այս շրջանի պատմութիւնը, որ գալիս է ուրարտական շրջանից:

Մուշ քաղաքի հնագոյն կառոյցներից մէկը համարուող հայկական Սուրբ Մարիամ Աստուածածին եկեղեցին, որ նաեւ այս թաղամասում է գտնուում, ոչնչացման եզրին է: «Ակօս»-ի լրագրողը նախապէս ահազանգել էր եկեղեցու իրավիճակի մասին, որից յետոյ անցեալում հայկական մի ընտանիքի պատկանած մի տուն եւ այդ եկեղեցին անցել են Էրզրումի «Մշակութային արժէքների պահպանութիւն» կազմակերպութեան հովանաւորութեան տակ: Այս բոլորից յետոյ էլ, սակայն, եկեղեցին նոյն անմխիթար վիճակի մէջ է: Սուրբ Մարիամ Աստուածածին եկեղեցին Ցեղասպանութիւնից յետոյ սեփականացուել է:

Նշենք, որ այս տարի Թուրքիայում որոշել էին քանդել նախապէս հայերին պատկանած Մշոյ 500 պատմական տները` տեղը այլ շինութիւններ կառուցելու նպատակով: Տեղի իշխանութիւնները բնաջնջել էին տների 80 տոկոսը, սակայն աւելի ուշ քանդման աշխատանքը դադրեցնելու որոշում էր կայացուել: